Այս իրականության մեջ իշխանությունները իրականում բավարարում են Ադրբեջանի միակողմանի պահանջները և առաջ են տանում ադրբեջանական օրակարգը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հստակ չէ, թե հիմքը ո՞ր քարտեզն է և արդյոք 1984-88 թվականների դեմարկացիան և դելիմիտացիան է հիմնականը: Դիմել եմ Կադաստրի կոմիտե, որ ծանոթանամ այդ քարտեզներին, բայց պարզվել է, որ այն փոխանցել են Պաշտպանության նախարարություն և դրանց գաղտնիության աստիճանը բարձրացրել են։ Իշխանությունները մարդկանց, այդ թվում պատգամավորներին զրկել են այդ քարտեզներին ծանոթանալու հնարավորություններից, որով տեղի են ունենում այդ գործընթացները։ Փաստացի ՀՀ-ի այն քարտեզը, որով այդ գործընթացը տեղի է ունենում իշխանությունները գաղտնիության այն աստիճանն են տվել, որ դրանց ծանոթանալու հնարավորություն պարզապես չկա»,- ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց նաև, որ ՀՀԿ-ն ողջունում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, ինչպես սատարել է բոլոր այն շարժումները, որտեղ եղել են գիտակցված մոտեցումներ և ախտորոշում, որ այս իշխանությունները երկիրը տանում են տապալման ճանապարհով։
«Այս 6 տարիների ընթացքում մենք եղել ենք պայքարի բոլոր խրամատներում և չենք կարող անտարբեր լինել Հայաստանում տեղի ունեցող մնացած գործընթացներից»,-ասաց Աբրահամյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը