06 05 2024

Դատախազությունն ակնհայտորեն քաղաքականորեն կաշկանդված է կամ աֆիլացված. Լիլիթ Գալստյան



ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը.

«Սիրելի հայրենակիցներ,  

Տիկին Վարդապետյան, Դատախազական համակարգի վստայության հիմնական աղբյուրը անկախությունն է։

Նախանձելի վստահությամբ, ուղերձում նշում եք արձանագրված ձեռքբերումների և շոշափելի արդյունքների մասին, համոզումով, թե պայքարել եք հանուն հանրային բարիքի և օրենքի գերակայության։ Սա թղթի վրա, իսկ իրականում, հայտարաված արժեքներն ու իրականությունը միմյանց հետ աղերս չունեն։

Դուք, իհարկե, փորձում եք վարչապետից անկախ գլխավոր դատախազի իմիջ ստեղծել, բայց հենց դուք եք ի սկզբանե կասկածի տակ  դրել ձեր անկախությունը՝ ստանձնելով վարչապետի հանձնակատարի առաքելություն։

Դատեք ինքներդ,  կարելի է արդյոք հավակնել ինքնուրույն, քաղաքական կողմնակալությունից զերծ գլխավոր դատախազի կերպարի, երբ Կառավարության նիստում, դիմելով վարչապետին, արտասանում եք՝ «Մեծարգո վարչեպետ, ես այդ գործով ձեզ զեկուցել եմ» հակասահմանադրական արտահայտությունը։

 Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք  ունենալ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձից, ով վարչապետի խորհրդականի կարգավիճակում իրեն թույլ էր տալիս՝ քննության գաղտնիության պահանջների կոպիտ խախտումով, միջամտել հատկապես կարևոր գործերով քննիչների գործունեությանը՝ ընդհուպ խմբագրելով դատավարական փաստաթղթերը։

Ակնհայտ է՝ այսպիսի խոցելի մեկնարկային դիրքով հնարավոր չէ անաչառ և սկզբունքային դատախազ  լինել։  

Գուցե այս պատկերն ու տխուր հետևանքները չունենայինք, եթե գոնե ժողովրդավարության պատրանք ստեղծելու նկատառումով վարչապետի անմիջական խորհրդականը չառաջադրվեր գլխավոր դատախազի  պաշտոնում։

Ավելի քան ակնհայտ է, որ ձեր նշանակումը հաշվարկված քայլ է՝ կառուցված ձեր քաղաքական կողմնակալության ու թիմային շահերը սպասարկելու պատրաստակամության  վրա, ինչը   խանգարում է ձեզ գոնե մասամբ կանխել Հայաստանի հեղինակությունը վարկաբեկող բացահայտ քաղաքական հետապնդումները, կախյալ դատական համակարգը, ոստիկանության խոշտանգումներն ու  բռնաճնշումները, կամայական ձերբակալությունները, ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքները, վարչական ռեսուրսի ցինիկ չարաշահումը։ Սրանք բոլորը հանցակազմ նկարագրող սահմանումներ են՝ արձանագրված միջազգային վերջին զեկույցներում, որոնց համաձայն դատական համակարգի անկախությունը 7-ից 2.75 է գհատվել, իսկ քրեական և քաղաքացիական գործընթացների անկախության ապահովումը հնարավոր չորսից՝ մեկ:

 Դուք փորձում էիք դատական վիճակագրության ընտրանքային և հատվածական մեկնաբանությամբ՝ արդյունավետ աշխատանքի պատրանք ստեղծել, սակայն այդ վիճակագրության մի զգալի հատված որևէ առնչություն չունի ձեր սահմանադրական լիազորությունների և անմիջական գործառույթների հետ։ Իսկ ահա ձեր հաղորդման մեջ Արմեն Աշոտյանի գործով բացահայտ  սուտ տեղեկությունների զետեղումը թույլ է տալիս  բարձրաձայնել ձեր աշխատակազմի ոչ կոմպետենտության և քաղաքական կախվածության մասին։

Ձեր սահմանադրական գերակա խնդիրներից մեկը երկրում ամենաթողության վերածված հարկադրանքի միջոցների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելն է։

Դարձյալ արձանագրենք այն խայտառակ փաստը, որ կալանավորվածների 50 տոկոսից պակասն է հետագայում ձերբակալվում: Գերծանրաբեռնված բանտերում մարդիկ տարիներով իրենց դատական վճիռներին են սպասում։  Կալանավորման ֆետիշացումը, քաղաքացու ճակատագիրն ու իրավունքը,  մեր միջազգային պարտականությունները ձեզ չեն՞ մտահոգում:

Ակնհայտ է՝ քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ տարածելու  բիրտ գործիքի։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արդեն նախկինի պես լուռ չեն, արևմուտքից քարտ բլանշ ստացած իշխանությաններին չի հանդուրժվում ավտորիտար ռեժիմներին բնորոշ ծավալուն բռնություններն ու ապօրինությունները։

Ոստիկանական ավտոմեքենայով տեղափոխվող Սամվել Վարդանյանի խոշտանգումը հիմք է տալիս հիմավորապես կասկածելու, որ 90-ականների խայտառակ ավանդույթի ուժով, իրավապահ համակարգում ձևավորվել են գաղտնի գործող պատժիչ բանդաներ։

Իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը աննախադեպ մասշտաբի է հասել՝ արձանագրում է FreedomHouse-ի զեկույցը՝ փաստելով ՔՊ սկանդալային դրամահավաքը։  Իսկ դատախազությունը դեռ ուսումնասիրում է՝ առանց քրգործ հարուցելու։  Ձեզ պետք է որ պետական շահը  մտահոգեր, խնդիր չե՞ք տեսնում, որ 506մլն-ի 90%-ը 1-1,2 մլն անոց նվիրատվություններ են, որոնց մեծ մասն  անտեղյակ է իր նվիրատվությունից։  Ցավոք, դատախազության հետագա վարքը խիստ կանխատեսելի է։

Տիկին Վարդապետյան, բացառիկ գորովանք ունեք  ՔՊ-ականների և ՔՊ-ամերձների նկատմամբ։ Ալեն Սիմոնյանի քաղաքացու վրա թքելը ոչ էթիկայի հանձնաժողովի արժանացավ, ոչ էլ՝ գործ հարուցվեց։ Սոցիալական և իրավական բարձրագույն պատասխանատվություն կրող ԱԺ նախագահի վարքը, այն էլ թիկնազորի ներգրավմամբ, դուք  որակեցիք սոսկ միջանձնային հարաբերություն:  Դժվար թե նույն գնահատականը հնչեցնեք,  եթե որևէ մեկը նույն կերպ վարվեր ձեր կամ քպական որևէ  մեկի հետ։ Ես դա անկեղծորեն չէի ցանկանա, բայց նույնքան էլ չէի ցանկանա, որ դուք նպաստեիք իրավունքի  բռնաբարմանը։

ՀՀ դատարանը պարտադրում է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին,  զրպարտության համար ներողություն խնդրել TV 5-ից: Վճիռն իրականացված չէ, ձեզ՝  բողոք է ներկայացված։  Դատախազությունն անգործ է։

Այլ դրվագ՝ առանց ուսումնասիրության, դատախազությունը մերժում է վարույթ նախաձեռնել նույն  Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ, ով բռնության հրապարակային սպառնալիք  է հնչեցնում հանձնաժողովի նիստում։

Դատախազությունն ակնհայտորեն քաղաքականորեն կաշկանդված է կամ աֆիլացված,  իսկ գուցե դատարանի որոշումը արհամարհերը կամ արդարադատության չիրականացումը ձեզ համար նորմալ է։ 

Պրն Հովհաննիսյան, վարույթ իրականացնող մարմինները նախանձելի խանդաղատանք ունեն ձեր նկատմամբ։ Ձեր մասնակցությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով քրգործը հետագայում կարճվեց՝  հասկանալի  հիմքով։

Մեկ այլ ՔՊ-ամերձ՝ դաշնակցությանը ցինիկաբար զրպարտող և առհասարակ զրպարտության և ստի մեջ վարպետացած Արման Բաբաջանյանն էլ է ներողություն խնդրելու դատարանի որոշումն արհամարհում,   ու ՀՀ  անկարող դատախազության նույնաբովանդակ նամակը չորրորդ պտույտն է գործում։  Սա ուղղակի ֆելետոնի ժանրից են:

Ոստիկանների ագրեսիան ու սանձարձակությունները փաստագրված են։ Խոշտանգվել կամ բռնության են ենթարկվել անգամ ԱԺ պատգամավորներ, այդ թվում՝ կին։ Հանցակազմի բացակայության հիմնավորմամբ կարճվել է Եռաբլուրում ոստիկանության կողմից խոշտանգված զոհված զինվորների ծնողների գործը։ Ոչ մի դատապարտված ոստիկան։

Ոստիկանության անհամաչափ ուժի և խոշտանգումների փաստը տեղ է գտել Պետդեպի և Freedomhous-ի զեկույցներում։  

Բայց քաղաքական մեծամասնությունը գենդերազգայուն կանայք ու ժողովրդավար տղամարդիկ, ինչպես և դատախազությունը չեն տեսնում։

Ի դեպ, Հայաստանը, ինչպես նախկինների ժամանակ, շարունակում է մնալ մասնակի ազատ երկրների շարքում:

Տիկին Վարդապետյան, դուք  չեք արձագանքում նաև քաղաքական հետապնդումների զոհերի ձերբակալության այն բացահայտ դեպքերին՝ երբ մեղադրվողներին ձեռնաշղթա են հագցնում ու փռում ասֆալտին՝ կոպտորեն խախտելով «Ոստիկանության մասին» օրենքը։  

Անկարելի է համոզել, թե Աշոտյանը, Ասլանյանը, Մալյանը, Սաղաթելյանը, Սամսոնյանը   քաղաքական հիմքով կալանավորված չեն:

Գուցե սրանք ձեր դատախազական բարձունքից մանրուքներ են թվում, կամ լռելը հարմարավե՞տ է, օրվա իշխանության ճաշակով։

Բա դուք մեր պետական շահերի հակասահմանադրական ընթացքն էլ չե՞ք տեսնում։

Փաշինյանը որպես բարի կամքի դրսևորում թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք հանդիսացող՝ չգաղտնազերծվող ականապատ դաշտերի քարտեզը։  Պետք է, որ իմանաք, թե ինչպես է որակավում թշնամուն գաղտնի տեղեկություններ փոխանցելը՝ պետական դավաճանություն։  Ասելիք կամ անելիք չունե՞ք։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում սահմանում՝ սկզբունքորեն հակադրվում է Սահմանադրությանը, այն գործողություն է պետության տարածքային ամբողջականության դեմ։ Ի՞նչ լիազորություններ ունեն վարչապետն ու նրա անհատական իրավական ակտով ստեղծված ինչ-որ խորհրդատվական հանձնաժողով։ Սահմանադրության ո՞ր հոդվածով են հիմնավորված այս հակապետական գործողությունները։

Տիկին Վարդապետյան, կդժվարանամ ձեզ ոչ կոմպետենտ համարել,  բայց մի բանում համոզված եմ՝ դուք ակնհայտորեն դատախազությունը  ծառայեցնում եք քաղաքական իշխանությանը՝ ավելի կոնկրետ  ռեժիմի պաշտպանության շահերին։

Նաև, վստահաբար, գիտակցում եք՝ գալու է ձեր կայացրած և հատկապես՝չկայացրած որոշումների համար պատասխան տալու ժամանակը։

Վերջում՝ Պրն Արշակյան և մյուսներ,   համաձայն եմ՝

Այո, չի կարելի սուտ խոսել,

Այո, չի կարելի լրագրող ծեծել.

Այո, չի կարելի քաղաքացու վրա թքել,

Չի կարելի ճանապարհներ փակելով, արագացույց ջարդելով, դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ;

Տիկին Մարիա Կարապետյան և մյուսներ,

Ընդդիմությանն ինչ-որ կայսրության հետ գործակցելու մեջ մեղադրելուց առաջ՝ բացեք ձեր աչքերն ու տեսեք անվերջ ստի և աղետի մեջ թաղված ձեր կայսրությունը»։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ