19 04 2024

Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news

Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news

24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել, մասնակիցների թվում է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի օգնական Արման Անդրիասյանը, որն առավել հայտնի է «Մոշիկ» մականվամբ։ Վերջինս իր ընկերոջ՝ Գևորգ Հովհաննիսյանի հետ, վիճաբանել են Վահագն Հակոբյանի, Հովսեփ Հակոբյանի և Սամվել Հովհաննիսյանի հետ։

Տեղեկությունների համաձայն՝ Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ, ինչից հետո էլ անցորդները նրանց նկատողություն են արել, վերջիններիս հետ եղել են նաև կանայք։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի, Անդրիասյանը հասցրել է «մի քանի մուշտի» ուտել։ Դրանից անմիջապես հետո, ըստ մեր տեղեկությունների, Արման Անդրիասյանը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Կենտրոնի բաժին և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել և որպես պատճառաբանություն նշել, որ միմյանց նայելու շուրջ առաջացած վեճից հետո անծանոթ 3 անձիք ծեծի են ենթարկել իրեն և իր ընկերոջը։ Վիճաբանության ընթացքում մի քանի անգամ Անդրիասյանը նշել է, որ ինքը Կառավարության աշխատակից է։ Թվում է, թե ժողովրդավար երկրում ի՞նչ կապ ունի, թե որ հաստատության աշխատակից ես, եթե հայհոյել ես, պետք է պատասխան տաս, բայց արի ու տես, որ Կառավարության այդ աշխատակցի համար անգամ իրավական համակարգի կենտրոնական ապարատն է շատ արագ իրար խառնվել։

Կապ հաստատեցինք ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ․ «Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված քննչական և վարութային գործողությունների արդյուքնում առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց ինքնությունը պարզվել է։ Ձեռք բերված փաստերի հիման վրա նրանց՝ այսինքն 3 անձի ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խմբի կազմում ֆիզիկական ներգործություն կատարելը)»։

Մենք կապվեցինք նաև Անդրիասյանի հետ, որը երկու անգամ՝ հղում անելով զբաղվածությանը, խոստացավ, որ ավելի ուշ կկապվի, սակայն այդպես էլ չզանգեց։ Պատրաստ ենք հրապարակել նաև նրա տեսակետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ