09 04 2024

Ինչի՞ համար է իրականում 335 միլիոն դոլար վճարվել Փաշինյանին․ AlphaNews



Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Ապրիլի 5-ին մենք ականատես եղանք հայկական պետականության դեմ տեղեկատվական հատուկ գործողության հրապարակային հատվածներից մեկին։ Ինչի՞ մասին է խոսքը։
Անցած ուրբաթ՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ։ «Խորհրդակցությունների» արդյունքում Բրյուսելն ու Վաշինգտոնը խոստացել են Հայաստանին տրամադրել համապատասխանաբար՝ 270 միլիոն եվրո և 65 միլիոն դոլար։

Հրապարակայնորեն ասվել է, որ ԵՄ-ն ցանկանում է դրական օրակարգ մշակել Հայաստանի համար և, միավորելով ջանքերը Միացյալ Նահանգների հետ, ցուցաբերել ամուր հավատարմություն հանրապետության ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և կայունությանը։ Ընդ որում, ոչ մի խոսք չի ասվել անվտանգության ոլորտում հնարավոր համագործակցության մասին, որը խաղաղության բացակայության կամ Բաքվի հետ բանակցությունների բացակայության պայմաններում Հայաստանի համար առանցքային հարց է:

Եթե թողնենք բոլոր պարզեցված ձևակերպումները վերջնական փաստաթղթում, որն ընդունվել է «խորհրդակցությունների» արդյունքում, ապա պետք է ասել, որ այս քաղաքական ակտի էությունը շատ կոնկրետ և հակիրճ նկարագրել է Բորելը: ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին դիմակայել «օտար ազդեցությանն ու մանիպուլյացիաներին»։ «Դիվանագիտականից» համամարդկային լեզվով թարգմանելով՝ մենք հասկանում ենք, որ ԵՄ-ն միջոցներ է հատկացնում Հայաստանում հակառուսական քարոզչամեքենայի հետագա զարգացման համար, ինչը պետք է արդարացնի ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանից դուրս բերելու «կենսական անհրաժեշտությունը»։
Այլ կերպ ասած՝ 335 միլիոնը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու գինն է։ 335 միլիոնը ներդրում է, որով Արևմուտքը փորձելու է հաշվեհարդար տեսնել Ռուսաստանի Դաշնությունից Ուկրաինայում ձախողման համար։ Ընդ որում, հաշվեհարդար և՛ Մոսկվայի, և՛ Թեհրանի նկատմամբ։

Բայց ինչո՞ւ տեղի ունեցածն անվանեցինք «տեղեկատվական հատուկ օպերացիա»։ Մի պարզ պատճառով՝ բրյուսելյան հանդիպմից առաջ, ՀՀ իշխանությունները և Հայաստանի «արևմտամետ» (իսկ իրականում քարանձավային ռուսատյաց) «փորձագիտական շրջանակների» կողմից Հայաստանում մեծ սպասելիքներ էին բորբոքվում։ Հայտարարվում էր, որ «Հայաստանի կյանքում մինչև ապրիլի 5-ը և դրանից հետո կա մեծ տարբերություն», որ Փաշինյանը Բրյուսելից միլիարդներ կբերի, և ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցության երաշխիքներ, որ բրյուսելյան հանդիպումը Հայաստանին կբերի նաև խաղաղություն։

Ոմանց մոտ, ի դեպ, կարող է տրամաբանական հարց առաջանալ՝ ինչո՞ւ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չեն լռեցնում իրենց «հաճախորդներին», որոնք ուռճացված սպասումներ են ստեղծում հասարակության մեջ։ Միգուցե այն պատճառով, որ և՛ Բրյուսելը, և՛ Վաշինգտոնն արդեն մտովի «փակել են հայկական պետականության նախագիծը» և, հետևաբար, չեն ցանկանում ռազմավարական պլանավորում իրականացնել՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հանդեպ հանրային վերաբերմունքի համատեքստում։ Միգուցե դա է պատճառը, որ թույլատրվում է այդքան լկտիաբար խաբել ժողովրդին։

Իսկ ժողովրդին խաբել են։ Խաբեցին շատ ցինիկ ու սառնասրտորեն. նշված գումարներից ՀՀ ժողովուրդը գրեթե ոչինչ չի ստանա, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին նույնպես ոչ ոք չի ապահովի երկրին (Ուկրաինայի փորձը ցույց տվեց, որ հետխորհրդային երկրների էլիտաները համաձայն են գործիք դառնալ ՌԴ-ի դեմ պայքարելու համար նաև առանց նշված կառույցներին անդամակցելու)։ Ավելին, Իլհամ Ալիևը, վերջնականապես հասկանալով, որ Բրյուսելը և Վաշինգտոնը մտադիր չեն ՀՀ-ին էական ռազմական օգնություն ցուցաբերել, անմիջապես սկսեց գրոհել ՀՀ տարածքը (ապրիլի 5-ից հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճ է նկատվում): Իսկ Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գծով մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն արդեն ապրիլի 6-ին հայտարարել է, որ ԵՄ-ն չի կարող միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չի կարող օգտագործել ճնշման լծակներ (այս դեպքում Բաքվի վրա), և այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրենք պայմանավորվեն:

Ցավոք սրտի, Հայաստանում այսօր ավելի շատ քննարկում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցության չափը, և իրականում հիասթափված են քննարկում (հետաքրքիր է, եթե եվրաբյուրոկրատները խոստանային վճարել 3-4 միլիարդ եվրո, դժգոհները կբավարարվեի՞ն)՝ առանց հասկանալու, որ ինչպես 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո ոչ բոլորն էին գիտակցում՝ աշխարհաքաղաքական զոհասեղանին է դրվել Արցախը, այնպես էլ այսօր գրեթե ոչ ոք չի հասկացել, որ նույն զոհասեղանին է դրվել նաև Հայաստանը …
Մտածե՛ք այդ մասին․․․»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ