Թուրքիան տարածաշրջանային խաղացող է, և բնական է, որ նա պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանում տեղի ունեցող տարբեր զարգացումների վերաբերյալ։ Պակաս ուշադրություն է դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել գործընթացները։ Մյուս կողմից, Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունն ուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության և համագործակցության խթանմանը։ Այս մասին «Kathimerini» հունական պարբերականին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչպես գիտեք, Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ուղղված է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների լիարժեք բացմանը։ Այս գործընթացի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանների բացման վերաբերյալ։ Այնպես որ, մենք իսկապես հավատում ենք, որ այս համաձայնագրի իրականացումը դրական ազդեցություն կունենա նաև տարածաշրջանային դինամիկայի վրա»,-ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը