17 03 2024

ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված. ՀՀ-ում ՌԴ դեսպան

ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված. ՀՀ-ում ՌԴ դեսպան

ՌԴ նախագահի ընտրությունների համար այսօր ՀՀ տարածքում 5 ընտրատեղամաս է գործում՝ 2-ը Երևանում (1-ը դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, 1-ը՝ ավիաբազայի) և 3 ընտրատեղամասեր՝ Գյումրիում (ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և 102 ռազմաբազայում)։

«Մարտի 11-13-ը վաղաժամ ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզում։ Քվեարկել է 844 անձ՝ մեր սահմանապահներն են, զինվորականները և Սյունիքում ապրող և աշխատող ՌԴ քաղաքացիները»,- լրագրողներին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է «Սպուտնիկ»-ը:

Նա նշել է, որ այսօրը սկսել է բարձր, աշխատանքային տրամադրությամբ։

«Սա երևի թե ամենակարևոր քաղաքական իրադարձություններից մեկն է, քանի որ այս ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված մեր երկրի, ժողովրդի համար այս բեկումնային ժամանակաշրջանում։ Իհարկե, մենք այստեղ՝ Հայաստանում ամենայն պատասխանատվությամբ ենք մոտեցել քվեարկության կազմակերպմանը՝ օրենսդրությանն ու ՌԴ ԿԸՀ-ի ցուցումներին համապատասխան»,- ասել է դեսպանը։

Նա հավելել է՝ ձեռնարկվել են կազմակերպչական, տեղեկատվական բոլոր անհրաժեշտ քայլերը, որ յուրաքանչյուրը, ով ցանկանում է կատարել իր քաղաքացիական պարտքը, կարողանա դա անել իր համար առավելագույն հարմարավետ պայմաններում։

Դեսպանը հայտնել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունը պատրաստ է, եթե այսօր մեծ թվով քաղաքացիներ մասնակցեն քվեարկությանը։ Նրա խոսքով՝ ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցությամբ պատրաստ են ընդունել իրենց քաղաքացիական պարտքը կատարել ցանկացող բոլոր ՌԴ քաղաքացիներին և միայն ուրախ կլինեն, եթե քվեարկողների թիվը մեծ լինի։

«Մենք բոլորս շահագրգռված ենք, որ քվեարկությունը լավ անցնի, կարգապահ՝ առանց խախտումների, որպեսզի յուրաքանչյուրն իր քվեն տալուց հետո բավարարվածության զգացում ունենա»,- ասել է դեսպանը։

Նա նշել է, որ ընտրությունների համար ձեռնարկվել են համապատասխան անվտանգության միջոցներ հայկական կողմի հետ համատեղ՝ հաշվի առնելով, որ ընտրություններն անցկացվում են քաղաքական ոչ հեշտ ժամանակաշրջանում և ընտրողների թիվն այս անգամ կարող է ավելի շատ լինել, քան սովորաբար։ Դեսպան Կոպիրկինը նաև հայտնել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունը նաև համապատասխան քայլեր է ձեռնարկել, որ մարզերում բնակվող ՌԴ քաղաքացիները ևս կարողանան մասնակցել ընտրություններին։ Նրանք նախապես տեղեկացվել են փոխադրումների ժամերի մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ