11 03 2024

Մենք պատասխանատու ենք ապագա սերունդների առջև Հայոց պետականության պահպանման համար. հայտարարություն

Մենք պատասխանատու ենք ապագա սերունդների առջև Հայոց պետականության պահպանման համար. հայտարարություն

Հայաստանին անհրաժեշտ է հավասարակշռված, գրագետ հաշվարկված և ռացիոնալ արտաքին քաղաքականություն, որտեղ առաջնային կլինեն Հայաստանի, այլ ոչ թե այլ պետությունների ազգային շահերը. գերտերությունների միջև շարունակվող միջազգային հակամարտության մեջ Հայաստանին ներքաշելը հանգեցնելու է անդառնալի հետևանքների: Այս մասին ասված է «Ex Oriente» Հայաստանի Արևելագետների Միության Խորհրդի տարածած հայտարարությունում։

«Հայաստանի շուրջ վերջին զարգացումները՝ տարածաշրջանում շարունակվող անկայունության և լայնածավալ միջազգային հակամարտությունների համատեքստում, խորացրել են մեր երկրի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար առկա սպառնալիքները։

Մեր խորին համոզմամբ՝ Հայաստանին անհրաժեշտ է հավասարակշռված, գրագետ հաշվարկված և ռացիոնալ արտաքին քաղաքականություն, որտեղ առաջնային կլինեն Հայաստանի, այլ ոչ թե այլ պետությունների ազգային շահերը։ Գերտերությունների միջև շարունակվող միջազգային հակամարտության մեջ Հայաստանին ներքաշելը հանգեցնելու է անդառնալի հետևանքների:

Միջպետական հարաբերությունների զարգացումը նոր գործընկերների հետ չպետք է իրականացվի պատմականորեն ձևավորված և իրավականորեն  ձևակերպված դաշնակցային հարաբերությունների հաշվին։ Հայաստանի իշխանությունները պետք է գործեն Հայաստանի ու այլ երկրների շահերի  համադրման եղանակով, և ոչ մի պարագայում չգայթակղվեն այդ շահերի հակադրման շնորհիվ ենթադրյալ դիվիդենտներ քաղելու հեռանկարով։ Միջպետական հարաբերությունների վերաբերյալ անորոշ ու առճակատման տրամաբանությամբ արվող  հայտարարությունները ոչնչով չեն նպաստելու Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդմանը, այլ միայն լրացուցիչ ռիսկեր և վտանգներ են առաջացնելու։ Հայկական դիվանագիտությունը պետք է ամրապնդի գոյություն ունեցող դաշինքները և հաստատի նոր գործընկերային հարաբերություններ, ոչ թե ձեռք բերի հերթական հակառակորդներ:

Աշխարհն օրեցօր սրվող գլոբալ հակամարտության մեջ է, որը աննախադեպ լարվածություն է ստեղծում միջազգային հարաբերությունների համակարգում։ Մեր տարածաշրջանը ևս դարձել է հակասական շահերի բախման խաչմերուկ: Այս ծայրահեղ վտանգավոր իրավիճակում, միայն իրատեսական արտաքին քաղաքականությունը և  պետականամետ որոշումները թույլ կտան պաշտպանել հայ ժողովրդի կենսական շահերն ու անվտանգությունը։ Մենք պատասխանատու ենք ապագա սերունդների առջև Հայոց պետականության պահպանման համար»,- նշված է հայտարարությունում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ