ՀՀ պետական պահպանության ծառայության նոր շենքի կառուցումը հետաձգվում է, որի շնորհիվ 2024 թվականի պետական բյուջեի ծախսերը կնվազեն 17 մլն 477 հազար դրամով:
Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս 2021-ին պայմանագիր է կնքվել, որով պետք է ՀՀ պետական պահպանության ծառայության վարչական շենքին կից օժանդակ կառույցի վերնահարկում շինարարական աշխատան¬քների իրականացվեն:
ՊՊԾ-ին 2022-ի պետական բյուջեով վերոնշյալ աշխատանքների կատարման համար հատկացվել է 67 մլն 744 հազար դրամ, սակայն, կապալառուի կողմից աշխատանքներն ավարտին չհասցնելու պատճառով, այս գումարից 32 մլն 561 հազար 900 դրամ հետ է վերադարձվել պետական բյուջե:
2023-ին եւս աշխատանքները չեն ավարտվել, եւ 13 մլն 300 հազար դրամ կրկին վերադարձվել է բյուջե: Այդ աշխատանքներն ավարտվել են միայն 2024-ի փետրվարին, սակայն 2024-ի բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն եղել: Կատարված աշխատանքների դիմաց վճարումներն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է 13,3 մլն դրամ:
Բացի այդ, ՊՊԾ-ի հաշվեկշռում գտնվող Նուբարաշեն 15 հասցեում նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման նպատակով կատարված ընդերքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընդերքում առկա է կավանյութի մեծ չափաքանակ (մինչև 30 մետր խորությամբ), ինչը բարդացնում է շինարարական աշխատանքները, քանի որ կավի պարունակությամբ ընդերքի դեպքում առկա է շինությունների հիմքի տեղաշարժի վտանգ:
ՊՊԾ-ին 2024թ. պետական բյուջեով տրամադրվել է 30,7 մլն դրամ՝ վերոնշյալ հասցեից փոքր հեռավորության վրա տեղակայված և ՊՊԾ-ի հաշվեկշռում գտնվող Նուբարաշեն 9 հասցեում աշխատանքների իրականացման համար: Սակայն պարզ է դարձել, որ այդ հասցեում ևս ընդերքը պարունակում է մեծ քանակությամբ կավ, ուստի որոշում է կայացվել՝ ժամանակավորապես հետաձգել Նուբարաշեն 9 հասցեում նախատեսված շինարարական աշխատանքները:
Շինարարության իրականացման վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի հետագայում՝ հիմք ընդունելով Նուբարաշեն 15 հասցեում իրականացվող շինարարության փորձը:
Ելնելով այդ հանգամանքից՝ այս նախագծով առաջարկվում է 2024թ. պետական բյուջեով ՊՊԾ-ին տրամադրված 30 մլն 781 հազար դրամի մի մասն ուղղել վերոնշյալ խնդիրների լուծմանն, իսկ մնացած գումարը հետ վերադարձնել պետական բյուջե:
Միևնույն ժամանակ, նախագծանախահաշվային և շինարարական աշխատանքների ֆինանսավորման հարցն առաջարկում ենք քննարկել 2025թ. Բյուջեի քննարկման ժամանակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը