21 02 2024

Թշնամին արդեն անցել է Հայաստանի սահմանը, և ամեն օր սպառնում է մեզ նոր ագրեսիայով․ Ավետիք Չալաբյան

Թշնամին արդեն անցել է Հայաստանի սահմանը, և ամեն օր սպառնում է մեզ նոր ագրեսիայով․ Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.

«Երեկ լրացավ Արցախյան շարժման 36-րդ տարեդարձը։ 1988 թ․ փետրվարի 20-ին մինչ այդ սկսված տարերային ցույցերը Ստեփանակերտում և Երևանում վերածվեցին հուժկու համազգային հանրահավաքների, հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցները, պահանջելով Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ։ Պահանջը դրված էր Խորհրդային Միության ղեկավարության առաջ, և ենթադրվում էր, որ հենց Խորհրդային Միության շրջանակներում էլ հարցը պետք է լուծվեր, օրինական և խաղաղ ճանապարհով։

Երևանում և Ստեփանակերտում խաղաղ հանրահավաքների դուրս եկած մարդիկ դեռ չէին էլ ենթադրում, որ Խորհրդային Միությունը մտել է իր փլուզման անկասելի շրջանը, և որ իրենց կողմից սկսված շարժումը լրիվ այլ շրջադարձ է ստանալու։ Տառացիորեն մի քանի օր հետո Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում հայերի ջարդերով, դրան հաջորդեցին հարձակումները արդեն Լեռնային Ղարաբաղի սահմանային հայկական գյուղերի վրա, հայերի ջարդերը Բաքվում, որտեղ այդ պահին 200,000-ից ավել հայեր էին ապրում, Գյանջայում, և այլուր։ Խորհրդային Միության փլուզմանը զուգահեռ, կոնֆլիկտը հայերի և ազերիների միջև ավելի և ավելի սուր բնույթ էր ստանում, իսկ ԽՍՀՄ պաշտոնական կազմալուծումից հետո այն վերածվեց լայնամասշտաբ և հյուծիչ պատերազմի։

Արցախյան առաջին պատերազմը, որը շարունակվեց մինչև 1994 մայիսը, հայտնի է շատերիս իր բազում հերոսական դրվագներով՝ Շուշիի և հետո Բերձորի ազատագրում և "կյանքի ճանապարհի" բացում, Մարտունու աննկուն պաշտպանություն, Քարվաճառի և Մարտակերտի ազատագրում, Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների մաքրում թշնամու մնացորդներից։ Պատերազմը, որին հայ ազգը տվեց իր լավագույնը՝ իր քաջարի զավակների կյանքն ու առողջությունը, կուտակած մտավոր և նյութական կարողությունը, նեղության և ցրտի մեջ ապրած տարիները՝ բոլորը հանուն ազգային հաղթանակի և Արցախի ազատագրման։ Ծայրահեղ դժվարին պայմաններում, մեր ազգը կարողացավ համախմբվել, մի բռունցք դառնալ, և հաղթել վիթխարի թվական գերազանցություն ունեցող թշնամուն, և նրան սեփական պայմաններով խաղաղություն պարտադրել։
Այսօր, Արցախյան շարժման մեկնարկից 36 տարի անց, այն օրերի հերոսական ձեռքբերումները պրակտիկորեն ամբողջովին չեղարկված են։ Արցախը հայաթափված և դատարկ սպասում է իր տերերին, թեև վերադարձի հեռանկարները առնվազն մշուշոտ են։ Արցախի հերոսական Պաշտպանության բանակը կազմալուծված է, նրա ամբողջ սպառազինությունը և ենթակառուցվածքը անցել է թշնամու տնօրինության տակ։ Թշնամին արդեն անցել է Հայաստանի սահմանը, և ամեն օր սպառնում է մեզ նոր ագրեսիայով, իսկ թշնամու կամակատարները Հայաստանի ներսում արդեն խոսում են մեր Անկախության հռչակագիրը չեղարկելուց՝ թշնամու աճող  ախորժակները բավարարելու համար։ 

Ինչ՞ու մենք չկարողացանք խաղաղ պայմաններում ամրապնդենք մեր հաղթանակները, ո՞ր պահին բաց թողեցինք մեր ձեռքից թշնամու նկատմամբ առավելությունը, ո՞ր պահից սկսած դադարեցինք հավատալ մեր ուժերին, ինչ՞ու զենքներս վայր դրեցինք 2020 թ․ նոյեմբերին, ինչու գերտերությունները, որոնք սկզբնապես աջակցում էին Հայաստանին և Արցախին, ի վերջո շրջվեցին մեզանից՝ այս բոլորը ցավոտ հարցեր են, որոնք տանջում են մեզնից շատերին, և տանջում են ամեն օր։ Այս հարցերին մենք պետք է անկեղծ պատասխաններ տանք, հասկանանք, ինչը մենք պետք է արմատապես փոխենք մեր կյանքում, ինչի հետ հաշվի նստենք՝ որպես օբյեկտիվ իրականություն, ինչի հետ սակայն չհամակերպենք ոչ մի դեպքում, և ինչպիսի բանաձև գտնենք՝ մեր հայրենիքում արժանապատիվ կյանքով ապրելու, այն շարունակ հզորացնելու, և մեր իրավունքները հետևողական առաջ մղելու համար։

Այսօր, Արցախյան շարժման մեկնարկից 36 տարի անց, Արցախի հարցը ոչ միայն լուծված չէ, այլև նրա լուծումը շատ ավելի է բարդացել, այն այսօր դարձել է արդեն բուն Հայաստանի՝ որպես անկախ հայկական պետության, գոյության հարցը։ Առաջիկա տարիներին մեզ ամենօրյա տքնաջան աշխատանք և հաճախ և իրական կռիվ է սպասվում՝ պաշտպանելու մեր ազատ կյանքի իրավունքը սեփական հողի վրա։ Կռիվ՝ ոչ միայն արտաքին թշնամու և նրա ոտնձգությունների, այլև երկրի ներսում նրա տարբեր կամակատարների, նաև սեփական արատների և թուլության, հուսալքության և հիասթափության դեմ։ Այդ կռիվը մենք պարտավոր ենք հաղթել, հանուն բոլոր այն մեր Եղբայրների և քույրերի, որոնք անցած 36 տարիների ընթացքում այդ կռվի զոհասեղանին դրեցին իրենց կյանքն ու առողջությունը, հանուն մեր երեխաների և թոռների, որոնք մեզնից պետք է ազատ, անվտանգ և շեն երկիր ստանան, և շարունակեն այն հզորացնել ու շենացնել։

Մինչ այդ, ցանկանում եմ այսօր գլուխս խոնարհել անցած 36 տարիների ընթացքում հայրենիքի ազատության համար մարտնչած, իրենց կյանքը և առողջությունը մեր բոլորի բարօրությանը նվիրած բոլոր եղբայրների և քույրերի առաջ, և վերհաստատել հանձնառությունս՝ շարունակելու նրանց գործը, և նորից ազատ տեսնելու Արցախը։ Աստված պահապան մեր ազգին, մեր հայրենիքին, և նրա ազատության համար պայքարող մարդու տեսակին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ