15 02 2024

ՀՀ կառավարությունը 23 մլն եվրոյով ՀՀ դեսպանության համար շենք կգնի Փարիզում

ՀՀ կառավարությունը 23 մլն եվրոյով ՀՀ դեսպանության համար շենք կգնի Փարիզում

ՀՀ կառավարությունը 23 մլն եվրոյով ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք կգնի Փարիզում։ Նախագիծը ներառված է ՀՀ կառավարության` փետրվարի 15-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում։

Ըստ նախագծի՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություն և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների, ինչպես նաև Փարիզ քաղաքում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռքբերելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին հատկացնել 2,300,000.0 եվրոյին համարժեք դրամ:

Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, սա նախատեսված գումարի կանխավճարն է՝ ընդհանուր գումարի 10 %-ը։ Գնման վերջնական պայմանագիրը ստորագրելուց 8 օր առաջ պետք է փոխանցվի շենքի ձեռքբերման գումարի մնացած մասը»։

Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ: Նածագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։

Առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։

«Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23 քսաներեք միլիոն եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր գնահատող կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ շինության իրական արժեքը զգալիորեն գերազանցում է այդ գումարը»,– նշում են կառավարությունից:

Շենքի գնման ամբողջական գործընթացը՝ վաճառքի մտադրության համաձայնագիրը ստորագրելու պահից մինչև իրավունքների պետական գրանցման պահը, կտևի շուրջ 3-4 ամիս։

Ի դեպ, գործարքի իրականացման համար անհրաժեշտ է նաև կատարել պետական վճարումներ՝ շենքի արժեքի շուրջ 7.5%-ի չափով, որից 6.4%-ը հանրային նշանակության շենքի նկատմամբ իրավունքների գրանցման պետական տուրքի չափն է, իսկ 1.1%-ը՝ նոտարական ծառայությունների վճարը։

Այս որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ Հայաստանը Լոնդոնում դեսպանատան համար շենք ձեռք բերեց 17 միլիոն 380 հազար ֆունտ ստեռլինգով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ