Եթե Ադրբեջանի հայտարարությունը այն է, որ ինքը չի ճանաչում իր ստորագրած և ընդունած որևէ փաստաթուղթ, այդ մասին ինքը պետք է հրապարակային հայտարարի:
Նա արձանագրեց, որ նաև վերջերս արձագանքել է Ադրբեջանի նախագահի այդ հայտարարություններին:
«Պիտի ևս մեկ անգամ արձանագրեմ, որ բանակ ունենալը յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է, և Հայաստանը՝ ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, ունի ուժեղ և մարտունակ բանակ ունենալու իրավունք, այն արձանագրմամբ, որ ՀՀ-ն իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, անկախությունն ու պետականությունն ամրապնդելու համար է բանակ ստեղծում:
Մենք մեր քաղաքական դիրքորոշումներով արձանագրել ենք, որ մենք մեր տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք և նույնը ակնկալում ենք նաև մեր տարածաշրջանի երկրներից: Սրա վերաբերյալ կա ստորագրված, ընդունված փաստաթուղթ»,-ասել է երկրի ղեկավարը:
Նա նշեց, որ ոչ թե անհամաձայնություն ունի հայտարարությունների հետ, այլ հղվում է փաստաթղթերին:
«Եթե Ադրբեջանի հայտարորությունը այն է, որ ինքը չի ճանաչում իր ստորագրած և ընդունած որևէ փաստաթուղթ, այդ մասին ինքը պետք է հրապարակային հայտարարի»,- ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ կան վերլուծություններ, որ Ադրբեջանը հետքայլ է անում իր ձեռք բերած պայմանավորվածություններից: Բայց քանի դեռ Ադրբեջանը չի հայտարարել, մասնավորապես, Սոչիի և Պրահայի հայտարարություններից իր ստորագրությունը հետ վերցնելու մասին, ուրեմն շատ հստակ է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և ցանկացած հայտարարություն, որը հակասում է այս տրամաբանությանը, ինքն ապօրինի է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը