06 02 2024

Ուկրաինայի ղեկավարությունը ցանկանում է Վրաստանում Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացել. Վրաստանի վարչապետի թեկնածու

Ուկրաինայի ղեկավարությունը ցանկանում է Վրաստանում Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացել. Վրաստանի վարչապետի թեկնածու

Օդեսայից Վորոնեժ ուղևորվող և պայթուցիկ տեղափոխող ավտոմեքենայի՝ Վրաստանում կալանավորումը, Ուկրաինայի ղեկավարության՝ Վրաստանում Ռուսաստանի Դաշնության դեմ առճակատման «երկրորդ ճակատ» բացելու ցանկության ևս մեկ հաստատում է։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն։

«Երբ ուկրաինական կողմի որոշ ներկայացուցիչներ փորձում են Վրաստանը դարձնել Ռուսաստանի համար թիրախ՝ բացարձակապես արհեստականորեն, դա, իհարկե, շատ տագնապալի է... Այս մարդիկ չեն կարող թաքցնել իրենց չար մտադրությունները մեր պետության նկատմամբ, նրանք «երկրորդ ճակատ» էին ցանկանում, նրանք ցանկանում են Վրաստանում զարգացնել բարդ սցենարներ»,- ասել է Կոբախիձեն։

Նախօրեին հաղորդվել էր, որ Վրաստանի հատուկ ծառայությունները կանխել են Օդեսայից Վորոնեժ պայթուցիկ բեռների տեղափոխման փորձը, հանցագործության համար կասկածվում են Վրաստանի յոթ, Ուկրաինայի երեք և Հայաստանի երկու քաղաքացի, ասվում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

Ըստ Պետանվտանգության ծառայության՝ 2024 թվականի հունվարի 19-ին Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով Ուկրաինայի քաղաքացու միկրոավտոբուսով՝ էլեկտրական մեքենաների մարտկոցներում վեց պայթուցիկ սարք է մտցվել Վրաստան. նախատեսվում էր պայթուցիկները Վորոնեժ հասցնել վրացական «Դարյալ» անցակետով: Պայթուցիկներն առգրավվել են այդ անցակետում, գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը: 

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը պարզել է, որ վտանգավոր բեռների փոխադրման կազմակերպիչը ծագումով Բաթումի քաղաքից է, «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրեյ Շարաշիձեն։

Քրեական գործը վարվում է «Պայթուցիկ սարքերի և պայթուցիկ նյութերի ապօրինի պահպանում և ձեռքբերում» հոդվածով, սակայն Պետական անվտանգության ծառայությունը չի բացառում, որ գործը վերաորակվի որպես ահաբեկչության նախապատրաստություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ