Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հայտարարությամբ է հանդես եկել Ազգային ժողովում.
«Հայգելի՛ հայրենակիցներ,
2021 թվականի ավարտին պետական գրանցում ստացավ «Ֆլայ Արնա» ապրանքանիշով հայկական ազգային ավիաընկերությունը։ Օրվա իշխանավորներն էլ բարձրագոչ և հեռուն գնացող նպատակներով ներկայացրեցին ներդրումային այս ծրագիրը։
Պոպուլիստական այս բեմականացման մեկնարկը տրվեց ամենահարմար պահին՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում։ Առիթը բաց չթողեցին նորից խոստացան օտարերկրյա նոր ներդրումներ և նոր աշխատատեղեր, ավիափոխադրումների էժանացում, անվտանգային բազում խնդիրների լուծումներ և այլն։
Հիմա արդեն առավել պարզ է դառնում․ սա իշխանության անսահման պոպուլիզմի հերթական դոզան էր՝ քվեի դիմաց։
Իրականում, կառավարությունը 2021 թվականի հոկտեմբերին պետական բյուջեից հատկացրեց 4 միլիարդ 733 միլիոն դրամ՝ «Ֆլայ Արնա» նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի 49 տոկոսի դիմաց։
Ի դեպ այս ներդրումն իրականացրել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ-ը):
Երկու տարի անց պարզվում է, որ «Ֆլայ Արնա» ընկերությունն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, թռիչքներ չի իրականացնում և կանգնած է սնանկացման և գործունեությունը դադարեցնելու եզրին։
Այս ծրագրով պարծեցող, ամեն ինչ խոստացած և հերթական անգամ ձախողած պատասխանատուները պետք է հանրային կերպով և օր առաջ տան շուրջ 12 միլոն ԱՄՆ դոլարի չափով պետական միջոցները փոշիացնելուն ուղղված, առնվազն հետևյալ հարցերի պատասխանները․
1․ Ինչ ծավալի չարաշահումներ են առկա պետական ներդրումային այս ծրագրում։
2․ Որքա՞ն է գնահատվում պետական բյուջեից հատկացված միջոցների կորուստը։
3․ Ովքե՞ր են այս ամենի կոնկրետ ձախողումները։
4․ Ընկերության գործունեության դադարեցումը ի՞նչ բացասական հետևանքներ կունենա ավիափոխադրումների շուկայում՝ ավիափոխադրումների գների թանկացում, մրցակցային իրավիճակի վատացում և այլն։
5․ Ձեր կողմից «բացումն արած» ներդրումային ծրագրերից կա արդյո՞ք գեթ մեկը, որը չի ունեցել կամ չի ունենալու նման ճակատագիր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը