Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:
Մասնավորապես, զեկուցվել է ՀՀ կառավարության 2021-2026 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին:
Նախ ներկայացվել է հարկային մարմնի 2023 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2023-ին ապահովվել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 296 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Ընդգծվել է, որ 2017 թ. համեմատ պետական բյուջեի եկամուտները գրեթե կրկնապատկվել են:
Ըստ պատասխանատուների, 2023 թ. բնորոշվել է որպես ստվերի դեմ պայքարի արդյունավետ տարի. Կառավարության ծրագրով սահմանված թիրախը, ըստ որի՝ 0.5 տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է բարելավվեր, կատարվել է առնվազն այդ չափով՝ ըստ առկա կանխատեսման: Բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է աճ, բացառությամբ բնօգտագործման վճար հանդիսացող ռոյալթիի՝ հիմնականում պայմանավորված մետաղների միջազգային գներով:
Զեկուցվել է, որ հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 362.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 100.1 մլրդ դրամով կամ շուրջ 38.1%-ով: ԱԱՀ-ի գծով վերադարձը կազմել է 288.4 մլրդ դրամ՝ 75.4 մլրդ դրամով կամ 35.4%-ով գերազանցելով 2022-ի ցուցանիշը: Հատկանշական է, որ վերադարձված եկամտային հարկի գերակշիռ մասը կազմում է հիփոթեքի գծով վերադարձը. էլեկտրոնային հարթակի միջոցով 2023-ին 38 911 շահառուի վերադարձվել է 52 մլրդ դրամ եկամտային հարկ՝ 2022-ի ցուցանիշը գերազանցելով 42%-ով, իսկ շահառուների թիվը՝ 33%-ով: Հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում՝ ՀԴՄ կտրոններով) տվյալներով իրականացվել է 648.7 մլն գործարք` 12.2 տրլն դրամ արժեքով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ 45 մլն գործարքով և 2.1 տրլն դրամով։ Գրանցվել է աշխատատեղերի և միջին աշխատավարձի ռեկորդային աճ. եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը նոյեմբերին կազմել է շուրջ 738 հազար, նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 5,2%-ով, միջին աշխատավարձը կազմել է 293 հազար դրամ, աճը՝ 10,6%:
Հաշվետու տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից իրականացված 1186 համալիր հարկային ստուգման արդյունքում վերականգնվել է 38.4 մլրդ դրամ, իսկ ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքներով առաջադրվել է շուրջ 52.2 մլրդ դրամ լրացուցիչ պարտավորություն, այդ թվում՝ թեմատիկ ուսումնասիրություններով՝ 9.4 մլրդ դրամ: Իրականացված 82 752 վերլուծությունների արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 45.6 մլրդ դրամ հարկ:
Անդրադառնալով տնտեսվարողների կողմից հարկային պարտավորությունների կատարմանը՝ վարչապետը նշել է. «Մենք տարբեր տեղերում ունենք ճամփեզրյա առևտուր, որտեղ ընդհանրապես ՀԴՄ չկա։ Իմ հանձնարարականը եղել է այն, որ բոլոր այն դեպքերում, որ մեր օրենսդրությունը ենթադրում է, որ պետք է ՀԴՄ լինի, ուղղակի մոտենան այդ մարդկանց, տեղեկացնեն, որ հարգելի քաղաքացի, դուք պետք է դնեք ՀԴՄ։ Ու այդ պահին ոչ մի գործողություն չանեն, ուղղակի անընդհատ այդ մեսիջը տան, բայց մի իքս պահի արդեն պետք է նաև գործողություն անել։ Սա շատ կարևոր է։
Խնդիրն այն չէ, ճիշտ հասկացեք, հարգելի գործընկերներ, կարող է ենթադրենք տարվա մեջ այդ մարդիկ վճարեն 2 հազար դրամ հարկ, բայց ես ուզում եմ հիշեցնել անշարժ գույքի հարկի թեմայով մեր քննարկումները. նախկինում անշարժ գույքեր կային, որոնք ընդհանրապես հարկից ազատված էին։ Ասում եմ` ինչի՞ են ազատված հարկից, ասում են, որ հաշվենք` տարին լինելու է 50 դրամ հարկ։ 50 դրամ է լինելու, թող լինի 50 դրամ, որովհետև դա նաև մշակույթ է չէ՞, դա պետության հետ, պետություն-քաղաքացի հարաբերության հարց է։ Մանավանդ, այն տրամաբանությամբ, որ այդ հարկով պետությունն առաջին հերթին քաղաքացու ամենատարբեր կարիքներն է հոգում։
Նորից եմ ասում, մենք պետք է այս գիտակցումը մարդկանց մեջ մտցնենք, պետք է այս ուղղությամբ գնալ։ Շատ լավ, վճարելու է օրը 5 դրամ հարկ, թող վճարի օրը 5 դրամ։ Խնդիրն այն է, որ ինքը հարկ վճարող է, քաղաքացի է, սուբյեկտ է։ Հարկային մշակույթ ներդնելը և սերմանելն էլ է կարևոր գործ։ Հարկն այն է, որ քաղաքացին մի գրպանից հանում է՝ դնում մյուս գրպանը, որովհետև եթե ինքը հարկ չտա, եթե ենթադրենք քաղաքացին հարկ չվճարի ընդհանրապես, հարյուր անգամ ավելի գումար ստիպված կլինի ծախսել։ Եկեք ենթադրենք, որ ամեն քաղաքացի իր համար ճանապարհ է կառուցում, ամեն քաղաքացի իր համար դպրոց է կառուցում, ամեն քաղաքացի իր համար հիվանդանոց է կառուցում, հարկ վճարելն ամեն քաղաքացու ծախսի կրճատում է՝ հազարավոր անգամներով։ Առաջին հերթին այս գիտակցումը պետք է մտնի մարդկանց մեջ։ Ու հարկային հանցագործությունների նկատմամբ պետք է ընդհանուր առմամբ վերաբերմունքը փոխել: Հարկային քաղաքականության փիլիսոփայական հատվածը մենք պետք է ուժեղացնենք։ Ես չեմ ուզում դրա անունը նույնիսկ քարոզչություն դնել, ես ավելի շատ դա կանվանեմ գիտակցության մատակարարում, որ մարդը հասկանա՝ ինչ է հարկը, ինչի համար է հարկը: Հարկը պետություն ունենալու համար է, ուրիշ իմաստ չունի: Եթե դու ուզում ես ունենալ պետություն՝ դու պետք է վճարես հարկ, որովհետև չկա հարկ՝ չկա պետություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը