13 12 2023

Ըստ տարբեր բաց աղբյուրների՝ Գորիսում ու Գյումրիում ևս ՔՊ-ն կօկուպացնի քաղաքապետերի պաշտոնները. Թագուհի Թովմասյան



«Հայաստանում քաղաքացու քվեն ոչինչ չարժե Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, որովհետև ընտրությունների արդյունքների հետ ՔՊ-ն ուղղակի չի հաշտվում»,-ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ընտրություններ են կազմակերպում, խոսքս այս դեպքում ՏԻՄ-երի մասին է, բայց որ համայնքում պարտվում է ՔՊ-ն, անմիջապես ձեռնամուխ են լինում բոլոր հնարավոր մեթոդներով, որպեսզի քաղաքացու ձայնը լսելի չդառնա։ Վերջին ամենաաղմկահարույց դեպքն Ալավերդիում տեղի ունեցածն էր, երբ ուղղակի բռնությամբ զավթվեց իշխանությունը՝ կազմակերպելով ֆարս ընտրություններ, որին ներգրավվեց նաեւ ԱԺ պատգամավոր, որը ԱԺ-ում խոսում է ինչ-որ ժողովրդավարության մասին։ Նույն բանը տեղի ունեցավ Բերդ համայնքում, ընտրությունների արդյունքներից հետո կալանավորում եղավ նաեւ Վարդենիսում։ Վեդիում, Սիսիանում, Թալինում, Փարաքարում, Նոր Հաճնում, Պռոշյանում նույն իրավիճակն էր։ Վանաձորը դեռ շարունակվող պրոցեսի մեջ է, որովհետեւ Վանաձորի քաղաքապետը, որն ամենաշատ ձայներն էր հավաքել եւ ենթադրաբար հենց նա պետք է ընտրվեր քաղաքապետ, մինչեւ հիմա կալանավորված է, երկու տարի է՝ գտնվում է կալանքի տակ և չի ընդունում իշխանության առաջարկն ու խաղի կանոնները։ Դասական իմաստով Մամիկոն Ասլանյանը քաղբանտարկյալ է, որովհետեւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը սկսել էր տարիներ առաջ, բայց կալանավորման որոշումը կայացրեցին այն ժամանակ, երբ նա հաղթեց ընտրություններում։ Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության՝ դատարանի վճռից հետո Գորիսում է սպասվում նույն իրավիճակը: Նաև տեսանք, որ միակողմանի դաշինքի լուծարում եղավ Գյումրիում։ Այսինքն՝ մենք պետք է սպասենք, որ Գորիսում ու Գյումրիում ևս ՔՊ-ն պետք է օկուպացնի քաղաքապետերի պաշտոնները՝ այդպիսով ոտնահարելով մարդկանց ընտրական իրավունքը։ Եվ եթե այդպես է, թերևս ճիշտ կլիներ նշանակովի լինեին այդ պաշտոնները, և մենք չխոսեինք որևէ ժողովրդավարական արժեքի մասին։ Միևնույն է ՔՊ-ն է որոշում, թեպետ տեղական ինքնակառավարման մասին ենք խոսում, և պետք է լինի տեղական ինքնակառավարում»,- ասաց  Թագուհի Թովմասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ