Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը սահմանին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին մեթոդական և կազմակերպչական հարցերի շուրջ՝ նախապատրաստվելով սահմանազատման ուղղությամբ գործնական աշխատանքների մեկնարկին»։
Խոսելով Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության պայմանագրի մասին՝ Զախարովան կրկին հիշեցրել է, որ Ռուսաստանը հրավերներ է ուղարկել երկրներին Մոսկվայում և երրորդ երկրներում բազմակողմ միջոցառումների շրջանակում հանդիպման համար։
«Բաքուն միշտ հաստատել է բանակցություններ վարելու մեր պատրաստակամությունը, ցավոք, նույնը չենք կարող ասել մեր հայ գործընկերների մասին։ Հավանաբար նրանք հավատում են, որ Վաշինգտոնից, Բրյուսելից և Փարիզից իրենց նոր խորհրդականները կկարողանան ավելի հետաքրքիր և արդյունավետ բան առաջարկել։ Չգիտեմ, կարծում եմ, որ դուք միշտ պետք է նայեք նախորդ փորձին և ձեր հարևանների փորձին: Բոլորս տեսանք, թե ինչի հանգեցրին ԵՄ-ում, այդ թվում՝ Պրահայում և Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումները։ Երևի հայ ժողովուրդն ամբողջությամբ տեղյակ չէ, որովհետև ամեն ինչից տեղեկացված չէ... Որպեսզի իրավիճակը չկրկնվի, որովհետև հիմա լավագույն ընկերների քողի տակ Հայաստանին խորհուրդ կտան ինչ-որ բան, որը հետո կհանգեցնի հերթական անակնկալի...
Հենց Արևմուտքի դրդմամբ է, որ համապատասխան փաստաթղթերում ղարաբաղցի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը ոչ մի կերպ չեն նշվում։ Ինչ-որ մեկը դա հիշո՞ւմ է հիմա, երբ նորից ուզում է վստահել արևմտյան խորհրդականներին: Բայց եթե այս կետերը շարադրվեին, ապա այժմ հարցեր չէին առաջանա, թե ինչ անել այն մարդկանց համար, որոնք լքել են իրենց տները՝ հենվելով Երևանի իշխանությունների վրա, որոնք իրենց շատ բան են խոստացել՝ դարձյալ արևմտյանների առաջարկով։
Բայց նրանց իրավունքները ոչ հստակեցվեցին, ոչ էլ քննարկվեցին՝ դարձյալ արևմտյանների դրդմամբ: Էլ ինչքա՞ն և որտեղ պետք է իրենց ապացուցեն արևմուտքցիները, որպեսզի պարզ դառնա, որ նրանք երբեք չեն գործի ի շահ այլ երկրների ժողովուրդների»,- եզրափակել է Զախարովան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը