Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան նորակառույց թիվ 122 դպրոց և ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին:
Դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2021 հունվարին: Ներկայումս այստեղ սովորում է 821 աշակերտ։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է 1 մլրդ 948 մլն դրամ:
Դիմելով աշակերտներին՝ վարչապետը նշել է.
«Այսօր դպրոցը մենք հանձնում ենք ձեզ և իրականում շենքը դուք պետք է ապրեցնեք: Եվ ուզում եմ, որ ամեն օրվա հետ այս շենքի պատերը ներծծվեն Հայաստանի Հանրապետությունով, Հայաստանի Հանրապետության գիտակցությամբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելով և ըմբռնելով, Հայաստանի Հանրապետությունն առանցքում ունենալով: Սա չափազանց կարևոր է: Ես նաև ուզում եմ, որ մենք մեր բոլոր դպրոցներում կարողանանք ապահովել հետևյալ պայմանները՝ յուրաքանչյուր աշակերտ այստեղից դուրս գա ֆիզիկապես ուժեղ, մտքով ուժեղ և հոգեբանորեն ուժեղ: Երեք գործոններն էլ չափազանց կարևորում եմ: Շատ կարևորում եմ, որ մենք ի վիճակի լինենք բացահայտել, զարգացնել յուրաքանչյուր երեխայի տաղանդը, որովհետև հավատում եմ և դա իրողություն է, որ յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է: Մենք պետք է կարողանանք դպրոցը դարձնել այդ տաղանդների բացահայտման և զարգացման հարթակ, սա է, իմ պատկերացմամբ, դպրոցի ամենամեծ առաքելությունը:
Հայրենիքը պետությունն է:
Սիրո՞ւմ ես հայրենիքդ,
ուժեղացրո՛ւ պետությունդ:
Այն ստեղծել ես դու: Քո որևէ նախնի ուղիղ կապ ունի հենց այս պետության հետ:
Սրանով է Հայաստանի Հանրապետությունը տարբերվում մնացած պետություններից:
Այն քո ժառանգությունն է, քո զավակների ժառանգությունը:
Հայաստանի Հանրապետությունը քո և/կամ քո նախնիների աշխատանքի արդյունք է:
Այստեղ ապրելու կանոնները դու ես որոշում:
Դարձրո՛ւ պետությունդ քո երազածը և դարձի՛ր նման քո պետությանը. ազա՛տ, ուժե՛ղ, բարեկեցի՛կ, երջանի՛կ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը