27 10 2023

Ադրբեջանն առ այսօր անտեսում է միջազգային հանրության կոչերն ու որոշումները

Ադրբեջանն առ այսօր անտեսում է միջազգային հանրության կոչերն ու որոշումները

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եվրոպական երկրների հայրապետական պատվիրակներ և առաջնորդներ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը,  ս.թ. հոկտեմբերի 25-ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հանդիպում ունեցան ԵԱՀԿ գլխավոր քարտուղար տիկին Հելգա Շմիդի հետ:

 

Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրերը տիկին Շմիդին փոխանցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնություններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև ներկայացրեցին Հայ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքները՝ ուղղված տարածաշրջանային խաղաղությանը, Արցախից բռնի տեղահանված հայորդիների կարիքների հոգածությանն ու  իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև պատմամշակութային ու կրոնական ժառանգության պահպանությանը:

Սրբազան Հայրերն ընդգծեցին, որ թեև Եվրախորհրդարանը դատապարտել է ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախում հայերի դեմ իրականացված սարսափելի հանցագործությունները, իսկ մի շարք երկրներ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները դատապարտող բանաձևեր են ընդունել, սակայն Ադրբեջանն առ այսօր անտեսում է միջազգային հանրության կոչերն ու որոշումները:
Հանդիպմանը հոգևոր առաջնորդները նշեցին, որ ժամանակն է, որպեսզի ի պատասխան ադրբեջանական իշխանությունների որդեգրած ցեղասպանական քաղաքականության և արցախահայերի հանդեպ իրականացրած էթնիկ զտումների, միջազգային հանրությունը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելու համար նրա ռազմատենչ քաղաքականության հետագա դրսևորումները:

Ադրբեջանի նման կեցվածքը առիթ պետք է հանդիսանա, որ Եվրամիությունը վերագնահատի վերջինիս հետ իր փոխհարաբերությունները, ձեռնարկի ռազմական հանցագործությունների մանրակրկիտ հետաքննության, ինչպես նաև միջազգային երաշխիքներ ստեղծի՝ ապահովելու տեղահանված արցախահայերի վերադարձը իրենց պատմական հայրենիք, ինչպես նաև նրանց անվտանգ կյանքն ու կենսագործունեությունը:

Տիկին Շմիդը վստահեցրեց, որ ԵԱՀԿ-ն և անձնապես ինքը կանեն ամեն հնարավորը՝ նպաստելու տարածաշրջանում հարատև ու արդար խաղաղության հաստատմանը, որի մեջ պետք է նկատի առնվի նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ու անվտանգ կյանքն իրենց բնօրրանում: Գլխավոր քարտուղարը նաև հավաստիացրեց, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է իր աջակցությունը բերել ի նպաստ տեղահանվածների հումանիտար և հոգեբանական կարիքների հոգածության:

Հանդիպման վերջում Սրբազան Հայրերը Հայ Եկեղեցու Եվրոպայի բոլոր առաջնորդների անունից նամակ փոխանցեցին տիկին Շմիդին, որում ամփոփված էին այն հիմնական կետերը, որոնք քննարկման նյութ դարձան նաև հանդիպման ընթացքում:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ