Հայաստանի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա ութ ամիսներին աճել է 55%-ով։ Այդ մասին Բիշքեկում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
«Այս տարվա հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Համագործակցության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա ծավալների համեմատ աճել է գրեթե 55 տոկոսով։ Միաժամանակ Հայաստանից արտահանումն աճել է ավելի քան երկու անգամ։ Հայաստանի կառավարությունը հետագայում մտադիր է օգտագործել բոլոր գործիքները՝ ԵԱՏՄ անդամ երկրների և Համագործակցության անդամ երկրների հետ փոխադարձ առևտրում այս դրական դինամիկան պահպանելու համար»,- ասել էնա։
Գրիգորյանը նաև նշել է, որ հայկական կողմը աջակցում է հանքարդյունաբերության և մետաղագործության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի իրականացմանն ուղղված միջոցառումների նորացված փաթեթի ընդունմանը։ «Կարևոր է նաև միջոլորտային համագործակցության զարգացումը կայուն զարգացում ապահովելու և այս ուղղությամբ համագործակցության խորացման համար»,- հավելել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը