Խորհրդարանում հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Արցախի ցեղասպանության համատեքստում ամեն բան ավելի քան ճղճիմ և անկարևոր է թվում, բարոյականություն բառն էլ՝ ժամանակավրեպ: Բայց ես չեմ հրաժարվում համոզումից, որ ամենաարդյունավետ քաղաքականությունը բարոյական քաղաքականությունն է։
Եվ ուրեմն պետք է խոսել և հանրային գիտակցությանը հասցնել այն քաղաքական վարքագիծը, որի արդյունքում հասանք այս հանգրվանին՝ ապատիկ հասարակություն, պետության միջազգային նվաստացում, արժեքային և ինսիտուցիոնալ կոլապս, անվտանգային զրո երաշխիքներ: Պիտի խոսել և մեր անղեկ հասարակությանը համոզում ներշնչել, որ հանրային կոնսենսուսով, ազգային առաջնորդությամբ դեռ հնարավոր է վերաիմաստավորել Հայաստանը, ուր տեղ չպիտի ունենան պոպոլիզմը, կործանարար դատարկախոսությունը, դիլետանտւթյունն ու համատարած սուտը:
Դուք ոչ միայն չեք հարգում ձեր խոսքը, չեք հարգում նաև ժողովրդին: Հանրային միջոցներով սնվող Հ1-ը վերածվել է իշխանական պրոպագանդիստական խոսափողի, ուր ստով, մանիպուլյացիաներով ու ատելության խոսքով թունավորվում է հանրային բանականությունը:
Արցախի Հանրապետության նկատմամբ իրագործված տիեզերական դավաճանությունը վերջին տաս օրերի մեջ տեղավորելը մեղմ ասած՝ անբարոյական է։
Արցախի ինքնորոշման իրավունքի ձեր նախընտրական խոստումի կամ «Արցախն Հայաստան է և վերջ» հայտարարության մասին հիմա կլռեմ:
Հիշեցնեմ, թե 2022-ի սեպտեմբերին ինչպես էր Փաշինյանն անձամբ Աշտարակում ներկայացնում ակադեմիական քաղաքի «կոնցեպտը»: Մեկ տարի անց պարզ դառնում, որ ակադեմիական քաղաք կառուցելու իշխանությունների «կոնցեպտն» ընդամենը պոպուլիստական փուչիկ էր, դեռ նոր պիտի հաստատվի հայեցակարգը և այն կառուցվի Երևանում:
Հիշու՞մ եք․ այդպիսի մի գոյություն չունեցող հայեցակարգով էլ Բրյուսով-Ֆիզկուլտ-Մանկավարժական խառնարան էին ուզում ստանալ, որը բարեբախտաբար դեռ կասեցված է:
Կրթության ոլորտիի չակերտավոր «բարեփախումների» ցուցիչը 2023 թ. Կրթության ոլորտում կապիտալ ծախսերի կատարողականի 42% է, ուսուցիչների կամավոր ատեստավորման խնդրահատույց ընթացքը, նոր դասագրքերի տպագրության ձախողված մեկնարկը, մասնագիտական հանրության կողմից պատմության նոր դասագրքի /7-րդ դասարան/ խոտանումը, հանրակրթության կառավարման քաոսային վիճակը:
Փորձեք կողքից նայել ձեր արժեքաբանությանը․․․․
Արցախից տեղահանվածների մի մասը դեռ մեքենաներում է քնում, մի մասը վրանների տակ, իսկ դուք 8մլն դոլար փոշիացրել եք ինչ-որ թմրամոլի, 220 000 դոլար էլ՝ 9 տոկոսանոց քաղաքապետի վրա:
ժողովրդավարության ձեր բաստիոնը կառուցվում է ոստիկանական բռնություններով և «ծառայասեր արդարադատությամբ»:
Ձեզանից ոմանք իրավապաշտպան էին, տարբեր դեսպանատներում նախկինների ավտորիտար ռեժիմն էիք քննադատում, հիմա լռում եք՝ չեք տեսնում ամբողջությամբ ապօրինի քաղաքական հետապնդումները:
Եվ, այնուամենայնիվ, հիշեք՝ նիկոլից հետո կյանք կա․․․կիսում եք ու կիսելու եք այս ազգային դավաճանության պատասխանատվությունը․․․»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը