Ռուբեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այս պահի առաջնահերթ անելիքների մասին.
Արցախահայության կազմակերպված ամբողջական դուրսբերումը խափանեց Մոսկվայի և Բաքվի ծրագրերը, որոնք մտադրված էին Արցախում պատանդ պահել սակավաթիվ մինչև 15 հազար հայություն: Այդ դեպքում առաջինը կստանար հիմնավորում Արցախում իր «խաղաղապահ» ուժերի ներկայության համար, երկրոդն էլ՝ «ռեինտեգրացի» անվան տակ միջազգային հանրության համար կփակեր Արցախի հարցը վերջնականապես «քաղաքակիրթ» ձևով:
Ստեղծված իրավիճակում նույնպես անակնկալի գալով եվրոպական տարբեր կառույցները (Եվրախորհրդարան, ԵԽԽՎ), ինչպես նաև Ֆրանսիան տեղի ունեցածը որակեցին որպես էթնիկ զտում և հստակ ամրագրեցին արցախահայության վերադարձի իրավունքը:
Դիվանագիտության մեջ ժամանակի գործոնը ամենակարևորներից է: Այդ պատճառով մեզ անհրաժեշտ է բաց չթողնել ստեղծված հնարավորությունը և անհապաղ գործել այս պատմական փուլում հետևյալ առաջնահերթ նպատակների իրականացման ուղղությամբ.
◦ Արցախի Հանրապետության սուբյեկտայնության պահպանում
◦ Միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատում և միջազգային խաղաղարար մեխանիզմների գործադրման միջոցով Արցախի քաղաքացիների Հայրենիք անվտանգ վերադարձի ապահովում:
Ստեղծված պայմաններում Արցախի Հանրապետության պետական մարմինների գործունեության շարունակումը ունի կենսական նշանակություն: Միջազգային հանրության համար անհրաժեշտ է Արցախի թեև չճանաչված սակայն ընտրված, լեգիտիմ մարմինների գոյությունը՝ գործընթացը շարունակելու համար:
Այսօր առաջնային է որպեսզի Արցախի գերագույն դատարանը հակասահմանադրական ճանաչի Արցախի նախագահի ակնհայտ ճնշման տակ ստորագրված հրամանագիրը ԱՀ լուծարման վերաբերյալ: Այնուհետև, արտագնա հրավիրված նիստում ԱՀ Ազգային ժողովը պետք է հաստատի պետական ինստիտուտների կրճատված ցանկը՝ համապատասխան ստեղծված իրավիճակի և հայտարարի Արցախի Հանրապետության բոլոր պետական ինստիտուտների գործունեության շարունակման մասին՝ Հայրենիքից դուրս, նոր վտարանդի պայմաններում:
Սա չափազանց կարևոր է հատկապես այսօր երբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենք համարում են Արցախի հարցը փակված և որևէ աշխատանք Արցախի սուբյեկտայնության պահպանման ուղղությամբ չեն պատրաստվում իրականացնել: Ավելին, նրանք անթույլատրելի են համարում նման գործընթացը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ «խաղաղության» իրենց օրակարգը չվնասելու համար: Այս ծրագիրը տապալելու համար նրանք գործի են դրել հայաստանյան մերձիշխանական ողջ քաղաքական դաշտը:
Վտանգավոր փորձեր են կատարվում նաև տարբեր քաղաքական ուժերի և անհատների կողմից այս ծրագիրը ներարցախյան պայքարի դաշտ տանել, ստեղծելով պառակտումներ դրանից բխող անկասելի բացասական հետևանքներով:
Հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաև գործընթացը պաշտպանելու և հանրային աջակցություն ապահովելու համար, համախոհների հետ միասին նախաձեռնել ենք Արցախի պետականության պահպանման հանձնախումբ, կազմված տարբեր ոլորտի մասնագետներից: Հանձնախումբը քաղաքական միավոր չէ, այլ հավակնում է ձևավորել համապատասխան օրակարգ, որի իրականացման համար պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ անհատների և կազմակերպությունների հետ:
Սա առաջին հրատապ քայլն է Արցախահայությանը Հայրենիք անվտանգ վերադարձնելու համար միջազգային հանրության հետ աշխատանքները կենտրոնացնելու, մեր բարեկամ երկրների գործնական միջամտությունն ու մասնակցությունը ապահովելու ուղղությամբ:
Մեր քույրերն ու եղբայրները չեն կարող և չպետք է վերադառնան Արցախ այսօրվա պայմաններում, երբ նրանց անվտանգությունն ապահովված չէ: Ուստի միմիայն նոր մեխանիզմների գործադրմամբ՝ միջաջգային խաղարար ուժերի մանդատով ու ներկայությամբ, միջազգային այլ որակի հովանավորությամբ է հնարավոր իրականացնել այդ գործընթացը:
Այսօրվա բոլոր առումներով սնանկ և ապազգային իշխանությունը անկասկած տապալվելու է, ուստի մենք այսօր պետք է կենտրոնանանք նոր որակի ու բովանդակության ՀԱՅԿԱԿԱՆ՝ Չորրորդ Հանրապետության հիմքերի կառուցման վրա:
Հարևան երկրի ղեկավարի դիմադրությունը հնարավոր է հեշտությամբ կոտրել Միջազգային քրեական դատարանում՝ մարդկության դեմ նրա կատարած հանցագործությունների համար հարուցվելիք քրեական գործով, հայկական ոսկերչական դիվանագիտությամբ ու նրա մեջքին կանգնած օրեցօր հզորացող ՀՀ բանակով: Վերոհիշյալը կպահանջի լուրջ հետևողական աշխատանք և ժամանակ:
Մենք գտնվում ենք Հայոց պատմության շրջադարձային փուլում և այլ ելք չունենք բացի վերադարձնելու այս տարիների ընթացքում մեզանից գողացված ՀՈԳԻՆ («դուխը»), ՍԵՐԸ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՛ մեր ՀԱՅԿԱԿԱՆ ինքնությունը: Եվ այդ ճանապարհը նորից անցնում է ԱՐՑԱԽՈՎ...
Մենք պարտավոր ենք ապահովել Արցախի վերածնունդը, որի միջոցով էլ իրականություն կդառնա նոր ՀԱՅԿԱԿԱՆ պետականության կերտումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը