Ադրբեջանի 86 600 քկմ-ն եւ Հայաստանի 29 800 քկմ-ն երկվորյակ թվեր են. այսինքն 29 800-ը ճանաչելու համար պետք է 86 600-ը ճանաչել եւ հակառակը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ մենք ասում ենք, որ Հայաստանը 29 800 քկմ տարածք ունի, մեր որոշ ընդդիմադիրներ ասում են՝ ոչ, այդքան տարածք չունի: Նրանց լավատեսական կանխավարկածը կամ հայրենասիրական մղումն այն է, որ Հայաստանն ավելին է, քան 29 800 քկմ-ն:
Բայց մեր հակառակորդներն էլ են ասում՝ ոչ, Հայաստանը 29 800 քկմ չէ: Նրանք էլ իրենց հերթին նկատի են ունենում, որ գուցե թե 5 հազար քկմ է: Մեր հակառակորդներն օգտագործում են մեր ընդդիմադիրների ոճը՝ հիմնավորելու համար, որ տեսեք, Հայաստանում էլ են ասում, որ Հայաստանը 29 800 քկմ չէ:
Իսկ այն, որ մեր ընդդիմադիրները նշում են, որ Հայաստանը 29 800-ից ավելին է, նրանք դա գնահատում են որպես ռեւանշիստական ուժերի խմորումներ, Հայաստանի ագրեսիվ քաղաքականության հիմնավորում եւ իրենց ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ հիմնավորում են նաեւ դրանով»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը