Պետությունը նախ պարտավոր էր հաշվառել արցախցիների կարիքները, որը չեմ կարծում որ արված է, աչքաչափով արված հաշվարկներ են: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
«Եթե վերցնենք արցախահայության կարիքները՝ սկսած կենսապահովման պայմաններից, կացությունից, իրենց օրվա հացի խնդրից, աշխատանքից և այլն, դրանք բավական տարբեր են, շատ են և հնարավոր չէ չխոսել այդ խնդիրներից, որոնք առնչվում են առողջապահության և տարբեր այլ ծառայություններին»,-ասաց նա:
Տնտեսագետի խոսքով՝ պետության անելիքներն իրենց վրա են վերցրել քաղաքացիները՝ կամավորության սկզբունքով:
«Բավական մեծ թվով արցախցիներ են ժամանել Հայաստան և պետության բեռը կիսում են պարզ մարիկ, այդ թվում ես՝ հյուրընկալելով արցախցիներին կամ ինչ-որ ձևով օգտակար լինելով, յուրաքանչյուրը իր ուժերի ներածին չափով: Սա չի նշանակում, որ պետության պարտականությունները քչանում են, պետք է նախ հաշվառել կարիքները:
Իրականում կարծում եմ, որ պետական բյուջեում հնարավորություններ կան, բացի պահուստային ֆոնդից նաև այն բոլոր ծախսերը որոնք նախատեսված են շրջագայությունների, ներկայացուցչական ծախսերի, որոնք ոչինչ չեն տալիս, էլ չեմ խոսում մնացած այլ ծախսերի մասին, որոնք բոլորն էլ գիտեն, դրանցից պետք է հրաժարվել:
Կարելի է գոնե բարոյական առումով արցախահայությանը հավաստիացնել, որ անում ենք այն, ինչ հնրավոր է, բայց ես կարծում եմ, որ հասարակ հայաստանցին եթե դա անում է իր ուժերի ներածին չափով, ապա պետությունը զլանում է իրեն նեղություն տալ և ոչ առաջնային ծախսերից գոնե առժամանակ հրաժարվել:
Ինչ վերաբերում է տրված օգնությանը, այդ գումարները ավելի շատ խորհրդանշանական տպավորություն են թողնում: Դա պետք է լինի մեկնարկային օգնություն, պետությունը պետք է իրեն նեղության տա, այն կառույցները, որոնք բյուջեից աշխատավարձ են ստանում պետք է առաջնայինը երկրորդայինից զատեն և գումարն ուղղեն այնտեղ, որտեղ դրա կարիքը առավել սուր է զգացվում»,-եզրափակեց Թաթուլ Մանասերյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը