06 10 2023

Ինձ համար անհասկանալի է, թե ինչու ենք մենք ցավագին ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը. ՔՊ-ական



Կարծում եմ՝ պետության ղեկավարի գրավոր եւ բանավոր խոսքը իրարից շատ չպետք է տարբերվեն. Այդ իմաստով, մենք նոր իրավիճակում չենք հայտնվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ Գրանադայում հայտարարություն է ընդունվել, որով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը արդեն գրավոր է հաստատել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բոլորս գիտենք, որ նախկին ԽՍՀՄ երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչվել է փոխադարձաբար 1991-ին եւ սա դրա վերահաստատումն էր: Այն հանգամանքը, որ Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում, ինձ համար անհասկանալի է, թե ինչու ենք մենք դա ցավագին ընդունում: Հիմա լրացուցիչ այդ շեշտադրումն արվել է ինչ-ինչ քաղաքական հանգամանքներից ելնելով, որպեսզի այն քաղաքակիրթ երկրների ներկայացուցիչները, որոնք  իրապես շահագրգռված են, որ այստեղ լինի խաղաղություն, որ կարողանան դա օգտագործել բանակցային գործընթացներում իրավիճակներ ստեղծելու համար:

Այսպես, թե այնպես մենք ճանաչել ենք, այսպես, թե այնպես Արցախի հարցը եղել է ոչ թե տարածքային հարց երկու պետությունների միջեւ, այլ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա հենված գործընթացներ են եղել»,-ասաց նա:

Նա դժվարացավ ասել, թե  ինչու Ալիեւը չգնաց Գրանադայի հանդիպմանը. «Ինձ համար դա ավելի լավ տարբերակ էր, որ չգնաց: Դա նշանակում է, որ ինքը խնդիրներ ունի այս կամ այն հարցի շուրջ պատասխան տալու: Օրինակ, ինքն ասում է, որ ԼՂ հայությունն ինքն է կամավոր դուրս եկել: 100-120 հազար ժողովուրդը չի կարող երկու օրում կամովին դուրս գալ, դա բացառված է: Երեւի այս հարցերին պատասխան տալը դժվար է Ալիեւի համար: Միգուցե նաեւ այլ հանգամանքներից ելնելով չի եկել»:

Անդրադառնալով պնդումներին, որ այս հայտարարության համաձայն Հայաստանը պարտավորվում է 7-8 գյուղ հանձնել Ադրբեջանին, Աղազարյանն ասաց. «Եթե խոսքն անկլավների մասին, ապա իրավիճակն այստեղ սիմետրիկ է. որքան Խորհրդային Հայաստանում կային բնակավայրեր, որոնք Խորհրդային Ադրբեջանին էին պատկանում, նույնքան էլ Ադրբեջանում կային, որոնք Խորհրդային Հայաստանին էին պատկանում: Այսինքն, եթե դա տեղի ունենա, ապա սիմետրիկ է տեղի ունենալու: Բայց այս հայտարարության ստորագրումից չի բխում, որ անկլավները պետք է վերադարձնեն: Դա առանձին քննարկման թեմա է, որը պետք է ճշտվի սահմանազատման գործընթացի արդյունքում: Մարդիկ կգան կնստեն, միջազգային դիտորդներ: Իմ կարծիքն այն է, որ լավ կլինի, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, չլինի փոփոխություն: Բայց դա ցույց կտա ժամանակը: Միջազգային հանրությունն էլ պետք է այն տեսակետին լինի, որ մնա այնպես, ինչպես կա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ