«Որևէ պետության անկում հնարավոր է ոչ թե իրավաբանորեն, այլ փաստացի։ Անհասկանալի է, թե ինչու է փորձ արվում Արցախի փաստացի (բռնի) անկումը ձևակերպել նաև իրավաբանորեն»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը։
«Արցախի Հանրապետությունը գոյությունը դադարեցնելու մասին Հրամանագիրը իրավաբանական ուժ չունի, այն հիմնված չէ և չէր կարող հիմնվել սահմանադրական որևէ նորմի վրա։
Այս մասին հիմնավորումները տե՛ս Ղամբարյան Ա․, Հայոց պետականության պահպանման սահմանադրաիրավական ուղիները․, Եր․, Տիգրան Մեծ, 2022
1) Սահմանադրությունը պետութենաստեղծ ակտ է, ուստի որևէ պարագայում չի պարունակում և չի էլ կարող պարունակել պետության գոյության դադարեցման որևէ ընթացակարգի մասին իրավական դրույթներ և նորմեր․ այս փաստաթուղթը պետականապահպանության մասին են և ոչ թե պետության ինքնաոչնչացման։
2) Սահմանադրությունը չի կարող պարունակել պետության ինքնաոչնչացման մասին կարգավորումներ։ Այլ կերպ ասած՝ ՀՀ Սահմանադրությունը չի կարող նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան որևէ քաղաքական իշխանության ընդունելու պետության ինքնաոչնչացման մասին նորմատիվ իրավական ակտ կամ կնքելու պետության գոյության դադարեցման մասին պայմանագիր, կամ կթույլատրի կատարել պետության գոյության դադարեցմանն ուղղված որևէ այլ գործողություն։ Ինչպես նշվեց առաջին բաժնում՝ Հայաստանի Հանրապետության ինքնաոչնչացումը կամ անկումը հնարավոր է բացառապես փաստացի գործողությունների արդյունքում։
3) Անկախության հռչակագիրը, չի կարող իրավաբանորեն դադարել, այն չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն, այն հարատև գործող փաստաթուղթ է: Նրա գործողությունը հնարավոր է դադարեցնել միայն փաստացի՝ ներքին և արտաքին ասպատակիչների կողմից Հայաստան պետության ինքնաոչնչացմանն (ոչնչացմանն) ուղղված փաստացի վարքագծով»,- գրել է Ղամբարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը