27 09 2023

ՌԴ-ն երբեք չի եղել Հայաստանի հետ հարաբերությունները սրելու նախաձեռնողը. Մարիա Զախարովա

ՌԴ-ն երբեք չի եղել Հայաստանի հետ հարաբերությունները սրելու նախաձեռնողը. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել նրանց, ովքեր հիմա ծայրահեղական հայտարարություններ են անում, կասկածի տակ են դնում հայ-ռուսական հարաբերությունները:

«Մենք գիտենք՝ ովքեր են հրահրում նման տրամադրություններ: Հայ ժողովուրդը գիտի, թե ով է թշնամի, ով բարեկամ, ով՝ հենց այնպես: Հայաստանի ժողովուրդը գիտի, որ տարբեր տեսակի և ձևաչափերի օգնությունը միշտ եղել է Ռուսաստանից... Հայաստանի ժողովուրդը գիտի և հիշում է, չնայած այն բանին, որ վիթխարի ռեսուրսներ են թափվել լրատվական դաշտի տեղեկատվական մշակման համար: Երկու հազար մարդ՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, հենց դրանով են զբաղված՝ Հայաստանում տեղեկատվական դաշտի մշակմամբ: Մենք, բոլորը դա տեսնում են և սա էլ կանցնի»,- հավելել է նա:

Մարիա Զախարովան անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 24-ի ուղերձին։

«Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի եղել դրանց սրման նախաձեռնողը, արել է առավելագույնը հայ ժողովրդին աջակցելու համար ամենադժվար իրավիճակներում, այդպես կլինի նաեւ այսուհետեւ։

Մենք ելնում ենք այն բանից, որ բոլոր պայմանավորվածությունները երկկողմ համագործակցության զարգացման գծով այսուհետ եւս կկատարվեն երկու երկրների ժողովուրդների շահերից ելնելով»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ