07 09 2023

ԱՄՆ-ում տեղի են ունեցել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կոնգրեսական լսումներ

ԱՄՆ-ում տեղի են ունեցել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կոնգրեսական լսումներ

Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի է ունեցել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ կոնգրեսական լսումներ, որին մասնակցել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Արցախի 120․000 տեղաբնիկ քրիստոնյա հայերի ցեղասպանության մեջ մեղսակցության համար։ Օկամպոն նաև նկատել է՝ նախագահ Բայդենը կամ պետքարտուղար Բլինքենը կարող են Ալիևից պահանջել անմիջապես և անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, եթե ոչ՝ ապա Ալիևին համարեն ցեղասպանության համար պատասխանատու, ինչն, իհարկե, բազմաթիվ հետևանքներ կունենա։

Օկամպոն հանգամանորեն հակադարձել է այն փաստարկներին, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կարող են խոչընդոտվել, եթե Արցախում իրականացվող քաղաքականությունը պատճաճ կերպով բնութագրվի որպես ցեղասպանություն՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի 260-օրյա շրջափակումը: «Բանակցությունը ցեղասպանի և նրա զոհերի միջև է։ Դուք չեք կարող բանակցություններ հայցել Հիտլերի և Օսվենցիմում գտնվող մարդկանց միջև: Դա բանակցություն չէ։ Դուք պետք է դադարեցնեք օսվենցիմը, ապա քննարկեք բանակցությունները: Եվ կարծում եմ՝ այստեղ է գաղտնիքը։ Հաշվի առնելով, որ նախագահ Ալիևը ցեղասպանություն է իրականացնում և փորձում է ժխտել ցեղասպանությունը, ապա ցեղասպանությունը ժխտելուն ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությունը կարող է մեղսակցություն համարվել»,- հայտարարել է Օկամպոն։

Արձագանքելով միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետին՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Այսօրվա լսումները նախագահ Բայդենի և հանրության ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքին, որ համաձայն ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ոգու և տառի, նա մեղսակից է Արցախի 120000 բնիկ քրիստոնյա հայերի դեմ Ադրբեջանի ցեղասպանությանը։

Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը, որը մարդու իրավունքների պաշտպանության մեծ ջատագով է և էական ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, շարունակել է քննադատել ամերիկյան պաշտոնյաներին՝ լսումներին չմասնակցելու համար։ Սմիթը մասնավորապես նշել է «Այս նիստը երկու դատարկ աթոռ ունի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի և USAID-ի (Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության): Ես խնդրեցի, որ նրանք երկուսն էլ մասնակցեն այս նիստին: Չնայած հեռախոսով և էլեկտրոնային փոստով բազմակի խնդրանքներին՝ ոչ մեկը չպատասխանեց: Նույնիսկ ոչ մի արձագանք: 1995 թվականից ի վեր ես նախագահել եմ հարյուրավոր լսումներ՝ Պետդեպարտամենտի կամ USAID-ի ներկայացուցիչների հետ: Սա բացարձակ անպատասխանության եզակի դեպք է»։

Լսումների ժամանակ ելույթ է ունեցել նաև Կոլումբիայի համալսարանի Արցախի վայրագությունների ծրագրի տնօրեն և Ջորջթաունի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսը, որը նույնպես քննադատել է ԱՄՆ նախագահին, ներկայացրել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական վայրագությունները և Ադրբեջանի ու դրա բարձրագույն ղեկավարության դեմ ամերիկյան կոնկրետ պատժամիջոցների կիրառման կոչ է արել։ Ֆիլիպսը քննադատել է միջազգային հանրությանը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու համար՝ նկատելով․ «Միջազգային հանրությունը չկարողացավ պատժամիջոց կիրառել 2016 և 2020 թվականների պատերազմներից հետո՝ հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ: Միջազգային հանրության այդ ձախողումն ուղերձ էր Ադրբեջանի կառավարությանը, որ նա կարող է գործել անպատիժ և խուսափել մարդկության դեմ իր հանցագործությունների, էթնիկ զտումների  ու ցեղասպանության համար պատժից»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը տարբեր ուղղություններով՝ այդ թվում ամերիկահայ համայնքի մոբիլիզացիայի միջոցով, շարունակում է ամերիկյան իշխանության գործադիր թևի վրա ճնշումը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման, Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի պահանջների վերականգման, Հայաստանին ու Արցախին ամերիկյան շոշափելի օժանդակության և այլ ուղղություններով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ