01 09 2023

Ադրբեջանը ոչ միայն ձգտում է զավթել Արցախը, այլեւ ՀՀ-ն․ Գերագույն հոգեւոր խորհրդի հայտարարությունը

Ադրբեջանը ոչ միայն ձգտում է զավթել Արցախը, այլեւ ՀՀ-ն․ Գերագույն հոգեւոր խորհրդի հայտարարությունը

Օգոստոսի 28-31-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը: Ժողովի նիստերը վարեցին Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Ադրբեջանական ագրեսիայի եւ աշխարհաքաղաքական բարդ զարգացումների հետեւանքով Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում ստեղծված կացության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գեւորգ Դանիելյանը եւ «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

Խիստ մտահոգությամբ արձանագրվեց, որ միջազգային լարված իրադրությունից օգտվելով՝ Ադրբեջանի իշխանությունները, որդեգրած պետական քաղաքականության շրջանակներում, ոչ միայնձգտում են բռնազավթել Արցախը, այլեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Բերձորի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախի ամբողջական շրջափակմանը եւ արցախահայության նկատմամբ դրսեւորվող անմարդկային բռնաճնշումներին ու ցեղասպան գործողություններին, ինչի հետեւանքով խաթարվել են երկրի կենսագործունեության բոլոր ոլորտները։

Ներկայացվեցին նաեւ ադրբեջանական իշխանությունների կողմից նախաձեռնված քայլեն ու գործողությունները՝ ուղղված էթնիկ հայկական հետքերի ոչնչացմանն ույուրացմանը։

Զեկույցների շուրջ ծավալված քննարկումների արդյունքում ԳՀԽ հանդես եկավ առանձին հայտարարությամբ։

Մյուռոնօրհնության, եպիսկոպոսաց ձեռնադրության արարողությունների կազմակերպման ընթացքի, ինչպես նաեւՄայր Տաճարի հիմնանորոգության, ներքին հարդարման եւ շրջակայքի բարեկարգման աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը եւլուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Արձանագրվեց, որ 2023թ. հոկտեմբերի 1-ին Մյուռոնօրհնեքի արարողությանն իրենց մասնակցությունը կբերեն Քույր Եկեղեցիների եւ միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու նվիրապետական աթոռներից ու աշխարհասփյուռ թեմերից բարձրաստիճան հոգեւոր հայրերեւ հավատացյալ ուխտավորներ։ Մյուռոնօրհնության արարողության շրջանակներում սեպտեմբերի 30-ին Սուրբ Գայանե վանքում տեղի կունենա «Խաղաղության աղոթք» միջեկեղեցական պատվիրակությունների մասնակցությամբ, իսկ հոկտեմբերի 8-ին՝ եպիսկոպոսաց ձեռնադրություն։

Մյուռոնօրհնության տոնական արարողության կազմակերպման աշխատանքների հետ առնչված խոսվեց Տաճարի շրջակայքի բարեկարգման ընթացքի մասին։ Արձանագրվեց, որ մինչ Մյուռոնօրհնեք Մար Աթոռ Սուրբ Էջմիածինը շինարարների ներդրած ջանքերի արդյունքում պատշաճ բարեզարդությամբ կներկայանա ուխտավոր հայորդիներին։

Ժողովի ընթացքում մտքեր փոխանակվեցին նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության գործարքի խնդիրների շուրջ։ ԳՀԽ-ը կարեւորությամբ ընդգծեց, որ շարունակելու է հետամուտ լինել հարցի բարվոք կարգավորմանը եւ այդ կապակցությամբ գործադրվելու են հնարավոր բոլոր ջանքերը։

Ժողովի ընթացքում քննարկվեցին նաեւ եկեղեցա-վարչական, կարգապահական եւ Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ