28 08 2023

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին կքննարկվեն ՀՀ-ում և Արցախում ստեղծված կացության, Սրբալույս մյուռոնի օրհնությանը վերաբերող հարցեր

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին կքննարկվեն ՀՀ-ում և Արցախում ստեղծված կացության, Սրբալույս մյուռոնի օրհնությանը վերաբերող հարցեր

Օգոստոսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ժողովը բացվել է Տերունական աղոթքով, ապա Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին:

Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում և Արցախում ստեղծված կացության,  Սրբալույս մյուռոնի օրհնության, եպիսկոպոսական ձեռնադրության և Մայր Տաճարի վերանորոգման ընթացքին առնչվող հարցեր։

Քննարկման առարկա կդառնան նաև եկեղեցա-վարչական և Եկեղեցու առաքելության արդյունավորման վերաբերյալ այլ հարցեր:

Հընթացս ժողովի՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, տեղեկանալով Բերձորի միջանցքում հայ երիտասարդների առևանգման մասին, խստորեն դատապարտել է ադրբեջանական իշխանությունների կազմակերպած հերթական բռնությունն ու սադրիչ գործողությունը, ինչը շարունակվող թշնամական դրսևորումն է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ