26 08 2023

Առանց ՀԱՅՐԵՆԻՔ-ՊԵՏՈՒԹՅԱՆ անիմաստ է ամեն բան. Լիլիթ Գալստյան

Առանց ՀԱՅՐԵՆԻՔ-ՊԵՏՈՒԹՅԱՆ անիմաստ է ամեն բան. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Ժողովրդավարությունը՝ որպես համակարգ կամ համակարգաստեղծ գործոն, դադարել է գոյություն ունենալուց ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ՝  Հայաստանում։

Ժողովրդավարության դիմակով Հայաստանում  հատուկ առաքելությամբ ներմուծված խմբակը ոչ միայն ջախջախեց ժողովրդավարության շոշափելի շիվերը, այլև կազմաքանդեց և շարունակում է կազամաքանդել մեր ինքնութենական հիմքերը, այսօր արդեն կասկածի տակ դնելով Հայոց պետականության հեռանկարը։

Ժողովրդավարությունը որպես ապրանք չի ծախվում և սպառում չունի նաև  միջազգային հարթակում։ Աշխարհը մարդակենտրոն չէ․ սա այնքան աներկբա է։

Մեր «ժողովրդավարության բաստիոնի»  վրա թքած ունեն բոլորը․ նախ, որովհետև գիտեն, որ այն միֆ էր և էժան հաշիշ ինքնակործանվող հիմարների համար։ Պարադոքսալ է, բայց այս ծուղակն ընկնում են ոչ միայն անհատներ, այլև՝ ազգեր։  Եվ այն կարող է ճակատագրական լինել, եթե ստեղծված իրավիճակը գնահատելու իմաստնություն կամ ռեսուրս չունես։ Ավաղ, մենք հիմա այս փուլում ենք, և մենք մենակ ենք․․․

Ֆունկցիոնալ իմաստով /սահմանված մանդատներ/ դադարել են գոյություն ունենալ  նաև միջազգային կազմակերպությունները, որոնք գլխավորապես ծնունդ էին առել՝ սպասարկելու և հավասարակշռելու երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգը։
ՍՍՀՄ սահմանադրության պես, այս կազմակերպությունների կանոնադրությունները, խարտիաները, առաքելությունները, պայմանագրերը, միջազգային իրավունքն ու սկզբունքները թղթի վրա մնացած «համամարդկային դեկլարացիա-հուշարձաններ» են։ Համամարդկային արժեքների և համաշխարհային կառույցների ողջ ամբողջականությունը ֆիկցիա է, ավելի ստույգ՝ ուժեղների շահերի տիրույթում շրջանառվող  ցինիկ խաղաթուղթ։

Մենք՝ հայերս և Հայաստանը հայտնվել ենք քաղաքակրթական և աշխարհաքաղաքական համարարգերի տեկտոնիկ բախման/Երրորդ համաշխարհայինի/ խաչմերուկում։

Այս բախումը մեզ համար հատկապես ճակատագրական է այն առումով, որ նիկոլին և խմբակին իշխանության բերած ուժերը նրան հատկապես ներմուծել էին՝  այս նոր ճարտարապետությանն ընդառաջ թուլացնի կամ ջախջախի մեր ազգային և պետական իմունիտետը։ Խոստովանենք, որ ծրագիրն ընտիր աշխատել է, և ցավալիորեն և դեռ անկասելի մավրն իր գործը շարունակում է։
Ո՞րն է մեր սցենարը․ հանդուրժել համազգային  պարալիզացման այն ընթացքը և փոշիանալ քաղքակրթական այս նոր Բաբելոնում, թե՞ հաղթահարել անորոշությունը, դիմակայել ցնցումները, պահել ազգային-պետական ինքնություն։

Թվում է, թե շատ մոտ ենք անդառնալիության կետին․ հանրության մի ճնշող հատված «թվային քաղաքակրթության» ցանց-քաոսի, նիկոլական դեգրադացնող արժեհամակարգի, գործակալների, սնուպ դոգերի, ավինյանների, կեղծ մարգարեների, ֆեյքերի,  վախերի,  այսրոպեական երեսուն արծաթի, տգիտության, գավառամտության, քաղաքացիական անողնաշարության, ապազգային քարոզչության և մարդային ցածր որակների  տիրույթում է, նաև  պատերազմի ծրագրավորված վախի ճիրաններում։

Եվ էլի՝ ո՞րն է մեր սցենարը․․․երբ մենք ռեալ գոյութենական սպառնալիքի առջև ենք  աշխարհաքաղաքական դաժան բախման, մեր մարտահրավերները դիմակայելուն անունակ, ՀՀ իշխանությունը օկուպացրած դավաճանական խմբակի  պատճառով։  Եվ մենք մենակ ենք․․․
Մենք բոլորս  և հատկապես պարալիզացման ռեժիմ ապրող բոլոր էլիտաները պատասխանատվություն ունեն ապագայի հանդեպ։ Մեզնից յուրաքանչյուրը նաև անհատապես պիտի տա այդ հարցը․ ո՞րն է իմ սցենարը, ի՞նչ անել․․․
Փորձենք ճանաչել մեզ, կանգ առնել, գնահատել իրականությունը, վերաիմաստավորել ամենայն բան․․․ՍՈՎՈՐԵԼ․․․ՍՈՎՈՐԵԼ․․․․ՃԱՆԱՉԵԼ․․․ սկսենք մեզանից, հաղթենք ներքին վախերը, մասնակից չդառնանք երկրի կործանմանը։

Այո, մենք մենակ ենք․․․բայց հաղթում են ուժեղները, կամք, երազանք, տեսլական ունեցող ազգերը։ Մի անգամ մեզ հաջողվել է․․․

Ստեղծված իրավիճակն հաղթելու ռեսուրսներ  կան․․․
Այլապես մեզ կուլ կտա ոչ միայն աշխարհաքաղաքական տեկտոնիկ բախումը, այլև  արհեստական ինտելեկտի ցունամին։ Մենք դեռ չենք գիտակցում իրավիճակի ողջ ողբերգականությունը․․․

Մի հանդուրժեք, որ մի ոչնչատեսիլ ծաղրածու տրորի ձեզ․․․
Փրկենք մեր մեջ մնացած հային։

Առանց ՀԱՅՐԵՆԻՔ-ՊԵՏՈՒԹՅԱՆ անիմաստ է ամեն բան։

Այսօր Արցախի պաշարման 258-րդ օրն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ