24 08 2023

Բաքուն ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը՝ ԼՂ-ից ելք թույլ տալ, բայց մուտք թույլ չտալ․ Փաշինյան



Կառավարության այսօրվա նիստին Փաշինյանը հայտարարեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է, և ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, Ֆրանսիայի կողմից ԼՂ-ի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է սպասել Լաչինի միջանցքի մուտքի մոտ:

«Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված: Իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով: Միևնույն ժամանակ, մեզ հավաստի տեղեկություններ են հասել, որ  ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, բայց մուտք թույլ չտալու ուղղությամբ: Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ ՀՀ-ում են գտնվում ԼՂ-ի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Ղարաբաղ», - հայտարարեց Փաշինյանը:

«Մեր ունեցած տեղեկությունները վկայում են, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար հրաժարվում է Ստեփանակերտի հետ երկխոսությունից՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել ԼՂ-ի վրա:  ՀՀ-ի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ ԼՂ-ի հայության իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով միջազգային մեխանիզմի շրջանակներում: Այս համատեքստում էական է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումը, որը, ուզում եմ ուշադրություն հրավիրել, նախատեսում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն ԼՂ-ի տարածք, այլև հարակից շրջաններ: Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի, Մարտունու  մի շարք, այլև Գետաշենի, Մարտունաշենի և մյուս այլ շրջանների հայերը արժանապատվորեն իրենց տները վերադառնալու հնարավորություն պետք է ունենան: Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել ՀՀ հավատարմությունը խաղաղության օրակարգին: Պիտի տեղեկացնեմ, որ մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները», - հայտարարեց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ