01 08 2023

Իրավիճակը մոտ է պատայինին, քանի որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը գործողությունների սխեմա չեն մշակել․ ռուս փորձագետ․ Alphanews.am



Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ադրբեջանական իշխանությունների կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը և իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները: Նրա խոսքով՝ Ադրբեջանն Արցախի դեմ իր գործողություններով համառ հետևողականություն է ցուցաբերում։

«Հերթական միջադեպն, իմ կարծիքով, այն ճնշման քաղաքականության տրամաբանական շարունակությունն է, որը պաշտոնական Բաքուն գործադրում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վրա՝ լիովին օգտվելով բոլոր այն պայմաններից, որոնք ստեղծվել են Նիկոլ Փաշինյանի կառավարության և պաշտոնական Երևանի բոլոր նախորդ քայլերով, որոնք դե ֆակտո, թեկուզ առայժմ՝ բանավոր, ճանաչել են Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի Հանրապետության մաս»,- հայտարարել է Արեշևը:

Նա կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի ինտեգրմանն ուղղված նման ուժային պարտադրանքները եւ տարատեսակ ռեզոնանսային ակցիաները կշարունակվեն: «Ցավոք, ստատուս քվոն մոտ ժամանակներս չի փոխվի, այդ թվում նաեւ Ստեփանակերտում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փաստացի անգործությունը, որից, ի դեպ, Բաքվում կտրականապես պահանջում են ենթարկվել ադրբեջանական գրասենյակին՝ ծայրահեղ դժգոհություն հայտնելով այն փաստից, որ Ստեփանակերտի գրասենյակը դեռեւս ենթարկվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակին» ,-նշել է փորձագետը:

Արեշեւի կարծիքով՝ տարածաշրջանում գործընթացները սրվելու են, եւ տեղի ունեցողի մեղքը բարդվելու է խաղաղապահների վրա: «Մենք կարող ենք ենթադրել, որ իրավիճակն, այսպես թե այնպես, կսրվի՝ այս կամ այն դրամատիկ իրադարձությունների համար բոլոր սլաքները ռուս խաղաղապահների վրա տեղափոխելու փորձերով։ Ցանկացած էսկալացիայի այլընտրանքը պետք է լինեն բանակցությունները», — ասել է նա։

Ամփոփելով իր կանխատեսումը՝ փորձագետը հայտարարել է, որ իրավիճակը մոտ է պատայինին, քանի որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը գործողությունների սխեմա չեն մշակել։ «Հայաստանում չկա պատասխանն այն հարցի, թե ինչ պետք է անել հետո, և բուն Լեռնային Ղարաբաղում նույնպես։ Իսկ եթե այնտեղ պատասխան չկա, ապա դժվար է նման պատասխան պահանջել միջազգային կազմակերպություններից, Ռուսաստանից կամ, նույնիսկ, հավաքական Արևմուտքից», — եզրափակել է Արեշևը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ