28 07 2023

Հայ-թուրքական սահմանը նաև ՆԱՏՕ-ի հետ սահման է. Հասմիկ Վարդանյան․ Alphanews.am



Դեռ նախորդ տարվա հուլիսին հայկական և թուրքական կողմի բանագնացներ Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը Մարգարայի կամուրջի վերաբացման և ավիափոխադրումները վերականգնելու մասին պայմանավորվածություն էին ձեռք բերել,- Alpha News-ի հետ զրույցում ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական դիվանագիտական հնարավոր հարաբերությունների հաստատման հարցին:

Փորձագետի խոսքով՝ առնվազն ավիափոխադրումների վերաբերյալ հողի վրա իրականում որևէ արդյունք չկա: Նա ընդգծում է՝ թեպետ ավիափոխադրումների արգելքը վերացվել է, բայց ոչ մի բեռ օդային ճանապարհով չի փոխադրվել: Վարդանյանը հույս չունի, որ Մարգարայի կամուրջի մոտ անցակետի կառուցումը որևէ իրական և տեսանելի օգուտ կարող է տալ Հայաստանին, հատկապես, որ ըստ պայմանավորվածության, խոսքն այդ կամրջով երրորդ երկրների անձանց տեղաշարժի մասին է:

«Մարգարայի անցակետի թեման ակտիվացնելը իշխանությունների կողմից ժողովրդին «բլիթ» ցույց տալու միտում ունի, որ պարտվողական գործընթացների արանքում կա նաև ձեռքբերում, որից դուք կարող եք օգուտներ ստանալ: Եկեք այդ օգուտների մասին չմոռանանք»,- ասում է փորձագետը:

Հայ-թուրքական բանակցությունները կանգ են առել դեռ անցյալ տարվանից, դա բացատրվում էր հիմանակնում Թուրքիայի ներքաղաքական խնդիրներով,- նշում է փորձագետը: Նա հավելում է՝ թուրք-սիրիական հարաբերություններում, սակայն, Թուրքիան պասիվ չի եղել:

«Թուրքիայի օրակարգից չի երևում, որ այդ երկիրը որևէ առաջնայնություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին»,- ընդգծում է Հասմիկ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան սպասում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հանգուցալուծմանը: Մյուս կարևոր հանգամանքը, որը կարող է ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա, ըստ փորձագետի, Էրդողանի վերընտրվելուց հետո Թուրքիայի արտաքին քաղաքականությունում արձանագրված փոփոխություններն են:

«Մինչև ընտրությունները Թուրքիան բավականին սերտ հարաբերություններ ուներ Ռուսաստանի հետ և նրանք գործում էին Հարավային Կովկասում միմյանց շահերը հաշվի առնելով»,- բացատրում է Հասմիկ Վարդանյանը:

Նա նշում է՝ այսօր Անկարան իր արտաքին քաղաքականությունը կառուցում է Արևմուտքին նայելով: Այս գործոնը ևս կարող է փոխել հայ-թուրքական բանակցությունների էությունը:
Հասմիկ Վարդանյանի խոսքով՝ Հայաստանը կարող է կապող հանգույց հանդիսանալ ոչ միայն Եվրոպայի այլև ԵԱՏՄ տարածքի և ՆԱՏՕ-ի միջև:

«Չպետք է մոռանալ, որ հայ-թուրքական սահմանը դա նաև ՆԱՏՕ-ի հետ սահման է»,- ընդգծում է նա:

Ըստ փորձագետի հայ-թուրքական սահմանի բացումը շահեկան է տարածաշրջանային գրեթե բոլոր դերակատարներին:

«Ում շահերն ավելի շատ կսպասարկվեն այդ սահմանի բացումից, դրանից էլ կախված կլինի, թե գործընթացը, որ կողմի միջնորդությամբ կընթանա»,- եզրափակում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ