Հուլիսի 27-ին՝ ժամը 16:00-ին, Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից։
«Օրակարգով նախատեսված օրինագծերը ներկայացրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Ազգային ժողովի նախագահի ընտրության համար ավելի ճկուն մեխանիզմների ներդրման հետ: Գլխադասային հանձնաժողովը նախագծին տվել էր դրական եզրակացություն: 21 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ այն ընդունվել է որպես օրենք:
Հաջորդ նախագծերի փաթեթում ներառված՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող և Քրեական դատավարության օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագծերի ներկայացումը ուղղակիորեն պայմանավորված են Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներով:
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ մարդու պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելը կդիտարկվի որպես քրեորեն պատժելի արարք, ինչպես նաև դրանց դեպքում կարող են կիրառվել նաև ազատազրկման տեսքով պատժատեսակներ:
Փաթեթն ընդունվել է 23 կողմ,4 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինափաթեթով առաջարկվող իրավակարգավորումների ընդունման պարագայում առավել հստակ և արդյունավետ կդառնան տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ կապված հայտարարված ռազմական դրության հետ:
Իրավական լուծում կտրվի նաև ռազմական դրության պայմաններում գույքային իրավունքներին:
Օրինափաթեթի վերաբերյալ մտքերի փոխանակությամբ հանդես են պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը, Արթուր Մոսիյանը, Դավիթ Գալստյանը, Արթուր Հարությունյանը: 18 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ օրինափաթեթն ընդունվել է:
Քննարկվել է նաև ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը:
Օրենքի նախագծով առաջարկվող իրավակարգավորումների արդյունքում կստեղծվի իրավական հնարավորություն՝ կարգավիճակ սահմանելու նրանց համար, ովքեր մարտական գործողությունների ընթացքում իրենց ծառայողական կամ աշխատանքային (մասնագիտական) պարտականությունները կատարելիս կորցրել են կյանքը կամ վնասել առողջությունը:
Օրինագիծը պաշտպանության,անվտանգության և օրինապահպանության հարցերի գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը: Այն 26 կողմ ձայնով արժանացել է խորհրդարանի հավանությանը»,- ասվում է հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը