27 07 2023

Հայաստանի չի կարող քննարկել ԼՂ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր. Արարատ Միրզոյան

Հայաստանի չի կարող քննարկել ԼՂ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր. Արարատ Միրզոյան

«Մենք վերահաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը պետք է վերացվի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի»,- ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին։ 

Հարց. «Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի հայերին անհրաժեշտ է համոզել հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ». ինչպե՞ս կարձագանքեք ՌԴ ԱԳ նախարարի այս հայտարարությանը, արդյո՞ք Երևանը շարունակում է պնդել, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմ լինի, թե առանց դրա հանդիպման մասին էր խոսում Ռուսաստանի արտգործնախարարը։

Պատասխան. Տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համատեքստում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել։ Բազմիցս ենք ընդգծել, որ այդ հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, իսկ այդ երկխոսության արդյունավետությունը կարող է երաշխավորվել միայն միջազգային ներգրավածության և գործուն մեխանիզմի միջոցով։

Հարց. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում կայացած եռակողմ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքից հասկացվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեման բանակցությունների ընթացքում կապվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային։ Ինչպե՞ս է պաշտոնական Երևանը մեկնաբանում այս հայտարարությունը։

Պատասխան. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման խնդիրը մշտապես եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկյունաքարը, և հուլիսի 25-ին Մոսկվայում ու մինչ այդ այլ մայրաքաղաքներում Ադրբեջանի հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայկական կողմը բարձրացրել է և շարունակում է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման հարցը։

Այն, ըստ էության, արձանագրված է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որտեղ առանձնահատուկ կերպով նշված են թե՛ Լեռնային Ղարաբաղ, թե՛ Լեռնային Ղարաբաղի տարածք, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գիծ հասկացությունները: Նույն եռակողմ հայտարարության յոթերորդ կետը սահմանում է նաև փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, ինչը մինչ օրս չի իրականացվել Ադրբեջանի կողմից։ Խոսքն այստեղ վերաբերում է, այդ թվում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Շահումյանի, Գետաշենի շրջաններին:

Իհարկե, հայկական կողմն արձանագրում է նաև դեռևս 1988-1991թթ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից, մասնավորապես Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից և այլ վայրերից, մինչ այդ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի իրավունքները, նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրները։

Այնուամենայնիվ, Լեռնային Ղարանաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է։ Այն որևէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետությունում «բնակվող քաղաքացիների» (ՌԴ արտգործխնախարարի բառերով)՝ միջազգային պարտավորություններով նախատեսված և ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ։ Ըստ այդմ, մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում և առավել ևս համաձայնություն չի եղել:

Հարց. Ադրբեջանական կողմը, հղում անելով հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը հաջորդած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, պնդում է, որ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։

Պատասխան. Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը դեռևս 2020թ. նոյմեբրի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել Լաչինի միջանցքի վերաբերյալ, և այդ համաձայնության տակ առկա է նշյալ երեք երկրների ղեկավարների ստորագրությունները։

Մենք վերահաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը պետք է վերացվի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի։ Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր։

Հատկանշական է, որ միջազգային գործընկերներն իրենց հանրային հայտարարություններում ևս ընդգծել են, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերացումն այլընտրանք չունի և որ այլ ճանապարհներին զանազան անդրադարձերը չեն կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը, որն Ադրբեջանի ուղղակի պարտավորությունն է:

Այս առումով ավելորդ չէ կրկին հիշեցնել ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումների մասին, որոնք աներկբայորեն վերահաստատում են մեր նշյալ դիրքորոշումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ