27 07 2023

Կոռուպցիայի դեմ կպայքարի ևս 100 աշխատող. Հակակոռուպցիոն կոմիտեն նոր շենքի կարիք ունի

Կոռուպցիայի դեմ կպայքարի ևս 100 աշխատող. Հակակոռուպցիոն կոմիտեն նոր շենքի կարիք ունի

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2022 թվականի հանձնարարականը՝ Հակակոռուպցիոն կոմիտեին հավելյալ 100 հաստիքային միավորի հատկացմամբ պայմանավորված՝ վերջինիս լրացուցիչ շենքային պայմաններով ապահովելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից ներկայացված առաջարկներից Հակակոռուպցիոն կոմիտեն առավել նպատակահարմար է համարել քաղաք Երևան, Արղության 2-րդ նրբանցք 10 հասցեում գտնվող անշարժ գույքը։

Հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի համաձայնությունը՝ վերը նշված առաջարկության վերաբերյալ Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակվել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Արաբկիր, Հ. Արղության փողոց 2-րդ նրբանցք 10 հասցեում գտնվող 4541.69 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.933775 հա հողամասը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեին:

Միաժամանակ հաշվի առնելով, որ վերը նշված անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, Նախագծով նախատեսվում է նաև դրույթ՝ վերջինիս հետ կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու վերաբերյալ:

«Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ