24 07 2023

ԿԳՄՍ նախարարությունն անտեսել է գիտական ինստիտուտների մասին կոչերը. «Գիտուժ»

ԿԳՄՍ նախարարությունն անտեսել է գիտական ինստիտուտների մասին կոչերը. «Գիտուժ»

Վերջին մի քանի ամիսների ընթացքում «Գիտուժ» նախաձեռնությունը փակ մասնագիտական քննարկումներ է ունեցել համապատասխան նախարարությունների, Գիտության կոմիտեի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, մի քանի պետական բուհերի ռեկտորների կամ գիտական գծով պրոռեկտորների, ինչպես նաև գիտական ինստիտուտների տնօրենների, գիտական խմբերի ղեկավարների, երիտասարդ և ավագ սերնդի գիտնականների հետ։

Ինչպես տեղեկացնում է «Գիտուժ» նախաձեռնությունը, փակ մասնագիտական քննարկումները հիմնականում ծավալվում էին գիտական ինստիտուտների ճակատագրի, Գիտությունների ազգային ակադեմիայում բարեփոխումների, ինչպես նաև ակադեմիական քաղաք նախագծի շուրջ։

«Ուզում ենք նշել, որ այսպիսով ավարտում ենք մասնագիտական փակ քննարկումների փուլը և շուտով մեկնարկելու ենք լայնամասշտաբ բաց քննարկումների փուլը՝ ընդգրկելով Գիտուժ համայնքը և բոլոր շահագրգիռ կողմերին թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ԿԳՄՍ նախարարությունն անտեսել է Գիտուժի՝ գիտական ինստիտուտների կարգավիճակի և զարգացման մասին կոչերը և խախտել է հանդիպման ընթացքում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը:

Մասնավորապես, պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին հայեցակարգային առաջարկությունների հրավերում նշվում է՝ «2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կտրամադրվի միայն խոշորացված բուհերին և դրանց հետ միավորված գիտական կազմակերպություններին». https://escs.am/am/news/17438

Այսինքն՝ ԿԳՄՍ նախարարությունը փակ դռների ետևում որոշել է, որ Հայաստանի Հանրապետությանը համալսարաններից անկախ պետական գիտահետազոտական ինստիտուտներ պե՞տք չեն։ Եթե դա այդպես է, «Գիտուժ» նախաձեռնությունը դա բացարձակապես անընդունելի է համարում։

Առաջիկայում «Գիտուժ» նախաձեռնությունն այս հարցերին ավելի մանրամասն կանդրադառնա», — ասվում է հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ