Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.
«Քանի որ եղանակի տեսության վերաբերյալ Բաքվի հեռուստաընկերության հրապարակած նյութը բուռն արձագանք է գտել մեր հանրային տիրույթում, դրան անդրադարձ է արել նաև ՀՀ ԱԳՆ–ն, ասեմ, որ մեր երկիրը «Արևմտյան Ադրբեջան» կոչելու խոսույթը Իլհամ Ալիևը շրջանառության մեջ է դրել անցած տարվա դեկտեմբերի 24–ին: Այդ ելույթում Ալիևը նշել էր, որ Արցախի հարցը «լուծելուց» հետո, ճիշտ ժամանակն է անցնել այլ թեմաների՝ նկատի ունենալով ՀՀ տարածքը: Դրանից հետո ադրբեջանական լրատվադաշտը ողողված է նմանատիպ նյութերով:
Իմ հեղինակային հաղորդման առաջին թողարկման ժամանակ ես խոսել եմ այս վտանգավոր երևույթի և մեր անելիքների մասին: Դա դեռ հինգ ամիս առաջ էր: Նշել էի, որ Հայաստանի Հանրապետությունը որպես «Արևմտյան Ադրբեջան» դիտարկելու, այդ նորաստեղծ կեղծ կատեգորիան պաշտոնական փաստաթղթերում շրջանառելու փաստը ՀՀ ղեկավարությանը և դիվանագետներին տալիս է հստակ գործիքակազմ՝ միջազգային կազմակերպություններին և գործընկերներին ցույց տալու Ադրբեջանի վարած բացահայտ ծավալապաշտական քաղաքականությունն ու դրա վտանգները: Այս քայլով Ադրբեջանը փորձում է հենք ստեղծել ՀՀ–ի դեմ իր առաջիկա ագրեսիվ քայլերի համար:
Ցավոք, սրանից օգտվելու փոխարեն, իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ուղղությամբ: Փոխարենը Ադրբեջանը ՀՀ–ն դարձնում է թիրախ: Ալիևից լավ ոչ ոք չի կարող ապացուցել, թե որքան կեղծ է «Արցախը հանձնենք, խաղաղ կապրենք» վտանգավոր թեզը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը