21 06 2023

Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէ. Վարդան Օսկանյան

Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէ. Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ֆեսբուքյան էջում գրել է.

«44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ներքուստ զգաց և գիտակցեց զոհերի և կորուստների իր մեղքն ու պատասխանատվությունը, նրա մոտ միանգամից ի հայտ եկավ պատասխանատվությունից խուսափելու, ինքնամաքրման, խղճի հանգստության մարդկային բնազդը։ Որքան ժամանակն անցավ ու հայ ժողովուրդն ավելի շատ սկսեց գիտակցել կորուստների չափը, խորությունն ու հետևանքները, այնքան կատարելագործվեցին և նոր դրսևորումներ ստացան Փաշինյանի արդարացման և ինքնամաքրման ջանքերը։

Մարդկային բնազդներն ու զգացումները, սակայն, տեղ չունեն պետական և միջազգային հարաբերություններում։ Կա Սահմանադրություն, կան օրենքներ, իսկ միջազգային հարաբերություններում կան գրված և չգրված նորմեր։

Այն, ինչ կատարվեց Հայաստանում և նրա շուրջ 2018-ի ապրիլից հետո, երկրի առաջին դեմքի, նրա՝ գլխավոր հրամանատարի և արտաքին քաղաքականության միանձնյա պատասխանատուի ձախողումն է՝ անկախ ամեն ինչից։ Փաշինյանն այսօր խոսելու, արդարանալու, առավել ևս՝ նախկիններին մեղադրելու տեղ պարզապես չունի։

Եթե այսօր նա հասած լիներ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բացած լիներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանը, առանց պատերազմի ու զոհերի պահած լիներ Արցախը՝ ԼՂԻՄ-ի սահմաններով ու միջանցքով, միայն այդ ժամանակ իրավունք կունենար մեղադրել նախկիններին այդ ամենը երեսուն տարի անել չկարողանալու համար։

Փաշինյանի դիլեման այն է,- ինչը և ավելի է ծանրացնում ու խորացնում նրա պատասխանատվությունն ու մեղքը,- որ նախկին երեք նախագահներից նա ստացել էր այնպիսի ժառանգություն, որ 2018-ից սկսած կարող էր անել այն, ինչ ես նկարագրեցի վերևում՝ հաշվի առնելով նաև նրա հանրային լայն աջակցությունը 2018-ի իշխանափոխությունից հետո։ Նա, սակայն, փոշիացրեց այդ ամենը։

Իրոք, եթե Փաշինյանն ունենար դիվանագիտական նվազագույն հմտություն, նախ կխուսափեինք պատերազմից և այսօր կունենայինք Արցախ՝ ԼՂԻՄ-ի ամբողջական տարածքով, 20 կմ Լաչինի միջանցքով՝ ճանաչված Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային հանրության կողմից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից երաշխավորված միջանկյալ կարգավիճակով, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բաց սահմաններով։ Այս ամենը սևը սպիտակի վրա նկարագրված է Մադրիդյան փաստաթղթում։

Հայաստանի՝ ռազմաքաղաքական նվազագույն հմտություններից զուրկ որևէ ղեկավար չէր կարող հաջողություն ունենալ։ Փաշինյանը չուներ և հիմա էլ չունի այդ հմտությունները։

Այսօր կա խաղաղ և դիվանագիտական այլընտրանք այն ամենին, ինչ արվում է։ Միջազգային հանրությանը հետաքրքրում է հարցի լուծումը, այլ ոչ թե լուծման բովանդակությունը։ Նրանք, հատկապես՝ Արևմուտքը, այսօր մեծ կորովով աջակցում են Փաշինյանին, որովհետև ի դեմս նրա տեսել են մարդու, որն իրենց հարցի լուծման ամենահեշտ ու կարճ ճանապարհի հնարավորություն է ընձեռել։ Այն պահին, երբ Հայաստանը կարողանա հմուտ ու տրամաբանված նոր ձևակերպում տալ հարցի լուծման իր մոտեցումներին, նրանց մոտ միանշանակ դիրքորոշումների փոփոխություն կլինի։

Մի խոսքով, 2018-ից ի վեր Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէր։ Առավել ևս՝ նրա հագով չէ այսօր։ Մաքրման և խղճի հանգստության ամենաուղիղ ու կարճ ճանապարհը նրա ինքնակամ հրաժարականն է և երկրի ղեկավարման հանձնումը ռազմաքաղաքական և դիվանագիտական հարցերում ձեռնհաս մարդու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ