05 06 2023

Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է. Բայրամով

Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է. Բայրամով

Խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Հետկոնֆլիկտային շրջանում հիմնական ուղղություններից մեկը խաղաղության պայմանագրի գործընթացն է։ Թեև այս գործընթացը ինտենսիվ էր, սակայն հետագայում հայկական կողմի՝ բանակցությունները բոյկոտելու պատճառով մոտ 6 ամիս ընդմիջում եղավ», - ասել է նա։

Նա հիշեցրել է, որ մայիսին Վաշինգտոնում տեղի ունեցավ հանդիպում միջազգային միջնորդների անմիջական մասնակցությամբ, այնուհետև գործընթացը շարունակվել է երկու երկրների ղեկավարների մակարդակով։

«Առաջիկայում Վաշինգտոնում նոր ու հերթական հանդիպում է նախատեսված։ Դուք գիտեք, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկը ադրբեջանական կողմի նախաձեռնությունն է, հիմնարար սկզբունքները հռչակվել են Ադրբեջանի կողմից, խաղաղության պայմանագրի առաջին նախագիծը ներկայացրել է Ադրբեջանը։ Մենք անխուսափելի ենք համարում խաղաղության հասնելը՝ միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն։ Պետք է պատրաստվի և ստորագրվի խաղաղության պայմանագիր և միջպետական ​​հարաբերությունների կարգավորման համաձայնագիր։ Անհնար է կանխատեսել, թե որքան կտևի այս գործընթացը», - ընդգծել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ