Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձ է հղել առկա արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն 163 օր շարունակ Արցախը ապրում է խորացող ադրբեջանական հանցավոր շրջափակման պայմաններում: Մեր շուրջը տեղի են ունենում բովանդակային առումով անընդհատ փոփոխվող իրադարձություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրենց ազդեցությունն են թողնում տարածաշրջանի և, մասնավորապես, Արցախի Հանրապետության և մեր ժողովրդի վրա: Չնայած ստեղծված իրավիճակին ու օրեցօր ահագնացող մարտահրավերներին՝ Արցախի ժողովուրդը մաքառում է իր սեփական հողում իր հավաքական իրավունքների ու ազատությունների համար՝ շարունակելով նախնիների սուրբ գործը:
Շրջափակմամբ և արտաքին այլ գործոններով պայմանավորված ռիսկերին ավելանում է նաև Արցախի ներքին կյանքի հիմնախնդիրների սրումը և ներքաղաքական ապակայունությունը: Իսկ ահա լայն տարածաշրջանում և Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում նորանոր զարգացումներ են տեղի ունենում, որոնք մեծապես խորացնում են Արցախի մարտահրավերներն ու գոյաբանական վտանգները: Ահա այս ճակատագրական զարգացումները դրդեցին ինձ խոսել Արցախի քաղաքացիների և ամբողջ հայ ժողովրդի հետ՝ ուղերձի ձևաչափով:
Արտաքին քաղաքական և անվտանգային ուղղություններում այժմ առկա են մի շարք գործոններ, որոնք ուղղակիորեն ազդում են Արցախի ժողովրդի ներկայի ու ապագայի վրա: Կուզեի դրանցից առանձնացնել հետևյալները՝
• Արցախի ավելի քան հնգամսյա շրջափակումը՝ փուլ առ փուլ ահագնացող հումանիտար ու քաղաքական մարտահրավերներով և անվտանգային սպառնալիքներով.
• Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների շարունակական խափանման հետևանքով հումանիտար վիճակի վատթարացումը և ռիսկերի մեծացումը.
• Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ ռազմական նոր ագրեսիայի ռիսկի շարունակական աճը և էթնիկ զտման իրականացման անթաքույց նկրտումները.
• 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ Արցախի ժողովրդի անվտանգության ռուսական երաշխիքների լրջագույն ճեղքումը.
• Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության և Ադրբեջանի ագրեսիվության աճը.
• Միջազգային իրավակարգի շարունակական թուլացումը և միջազգային հանրության ձախողումը Արցախի ժողովրդի անվտանգության ու հիմնարար իրավունքների ապահովման, ինչպես նաև՝ միջազգային դատարանների որոշումների կատարման հարցում.
• Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերի շարունակական թուլացումը և Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված քայլերը:
Հաշվի առնելով վերոնշյալ և այլ էական գործոնները՝ դիմում եմ՝
• Արցախի իմ հայրենակիցներին՝ չվհատվել և պատրաստ լինել պայքարի շարունակությանը՝ մի կողմ թողնելով ներքին տարաձայնությունները և մեկ բռունցքի պես վճռական կերպով ծառայել նույն նպատակին՝ Արցախի ամրացմանն ու զարգացմանը: Ուրախ եմ, որ այդ հարցում Արցախում առկա է լրիվ միասնական մոտեցում: Այդ առումով, ողջունելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեկվա հայտարարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալ՝ ընդգծում եմ, որ մեզ համար անընդունելի է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող ցանկացած հայտարարություն և փաստաթուղթ։ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա է մեր ժողովրդի կամքը, որն ունի բավարար վճռականություն՝ իր իրավունքների ու շահերի համար պայքարելու:
Վստահ եմ, որ պայքարողը միայնակ չի մնում, և ոչ միայն համայն հայությունն է շարունակելու սատարել մեր պայքարին, այլև միջազգային դաշտում նույնպես կգտնվեն արժեքահեն աջակիցներ: Այո՛, իրավիճակը ծանր է, բայց ոչ՝ անելանելի, և Արցախի իշխանությունները կատարում և կատարելու են հնարավոր գործնական քայլերը արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կուզեի անդրադառնալ նաև ներքին կյանքին առնչվող որոշ հարցերի: Պատերազմից հետո Արցախը ժամանակ առ ժամանակ հայտնվում է ներքին վայրիվերումների հորձանուտներում, սակայն այս ընթացքում մեզ հաջողվել է ընդհանուր առմամբ ապահովել ներքին համերաշխության ու կայունության որոշակի մակարդակ: Տարբեր քաղաքական ուժեր ու դերակատարներ տարբեր պահանջներ են ներկայացնում, երբեմն՝ հիմնավոր, երբեմն՝ ոչ: Այս ընթացքում իմ գործունեությունը քննադատվել է ամենատարբեր շրջանակների կողմից՝ մի մասն օբյեկտիվորեն ու անկեղծորեն, մյուս մասը՝ սուբյեկտիվ և ուղղորդված կերպով: Կարևոր է արձանագրել, որ երբեմն արտաքին տարբեր ուժեր ևս փորձում են խթանել ներքին ցնցումներն Արցախում, ինչը լրացուցիչ լարվածության պատճառ է դառնում:
Այնուամենայնիվ, անկախ քննադատությունների ու պահանջների բովանդակությունից ու նպատակներից, ներքին իրավական կարգավորումների շրջանակներում ես կատարել եմ առավելագույնը՝ ապահովելու փոխադարձ հարգանքի ու երկխոսության քաղաքական միջավայր և մեզ համար այնքան անհրաժեշտ ներքին կայունություն: Այո՛, երբեմն դա արել եմ շատերի համար անսպասելի չափի հանդուրժողականությամբ, բայց արդյունքում կարողացել ենք զերծ պահել Հանրապետությունը կործանարար ցնցումներից ու ներքին սուր բևեռացումից:
Վերջին օրերին Արցախում կրկին կատարվել են ներքաղաքական լարվածություն առաջացնելու փորձեր: Տարբեր քաղաքական ուժեր և անհատներ իրենց հայտարարություններով, գործողություններով կամա թե ակամա ստեղծում են ներքին անհամերաշխության ու ապակայունության լրացուցիչ պայմաններ:
Քննարկվել են սահմանադրական փոփոխությունների, ընտրությունների կազմակերպման հետ կապված հարցեր, Ազգային ժողովի նախագահի կողմից հնչել է նախագահի վստահության հանրաքվե անցկացնելու և պետական կառավարման նոր մարմին ստեղծելու մասին առաջարկ:
Ես ամենևին կառչած չեմ նախագահի պաշտոնից, հանուն Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության՝ պատրաստ եմ համագործակցության ցանկացած կարող ուժի ու անհատի հետ և իմ գործունեության ընթացքում փորձել եմ անել ամենը, որ այդպիսի երևույթները գնահատվեն որպես սովորական, ժողովրդավարական երկրներին բնորոշ գործընթացներ: Բայց, մյուս կողմից, Արցախում սահմանադրական կայուն կարգը, ներհասարակական համերաշխությունն ու պայքարի համընդհանուր ոգին անսակարկելի արժեքներ են, որոնց պաշտպանության թիվ մեկ պատասխանատուն ես եմ:
Պարզ է, որ մեր շուրջը տեղի ունեցող գործընթացներից ամենատեղեկացվածը նույնպես ես եմ, ինչը ինձ տալիս է դրանք բազմակողմանի ու առավել համընդգրկուն գնահատման ենթարկելու համեմատական առավելություն: Հենց այդ հանգամանքն է, որ հաճախ, հանուն երկրի ներքին խաղաղության ու համերաշխության, ինձ դրդում է համագործակցության այնպիսի քայլերի, որոնք շատերի կողմից, կրկնում եմ, անհասկանալի են թվում: Այդուհանդերձ, ոչ մի պարագայում թույլ չեմ տալու ներքին կործանարար իշխանատենչությունը, անձնական նկրտումների բավարարման փորձերը: Այս մոտեցումը որդեգրել եմ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, քաղաքական խորհրդակցությունները, վերջին օրերին հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում նրանց կողմից ներկայացված պահանջները, իմաստուն գնահատականները և ներքին կայունության ու ամրության առանձնահատուկ կարևորումը:
Այդ ամենի առնչությամբ հայտարարում եմ հետևյալը.
Ապահովե՛ք ռազմական դրության պայմաններում տեղեկությունների հրապարակման հատուկ կարգով սահմանված պայմանները: Իսկ խախտումներ թույլ տվող և երկրի անվտանգությանն առնչվող տեղեկություններ հրապարակող անձանց ենթարկե՛ք պատասխանատվության և ապահովե՛ք այդ գործընթացի անհրաժեշտ հրապարակայնություն, որպեսզի բոլորին պարզ դառնա, որ նման արարքները անթույլատրելի, անօրինական ու դատապարտելի են:
Սիրելի՛ հայրենակիցներ,
բոլորին հայտնի է ու անհերքելի, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ես ունեցել եմ ամենամեծ պատասխանատվությունը, սակայն, այդքանով հանդերձ, երբեք չեմ խուսափել պատասխանատվությունից և շարունակաբար աշխատել եմ պետականապահպանության ուղղությամբ: Այսօր ևս շարունակում եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը՝ ստանձնած ժողովրդի բարձր քվեով, նպատակ չունեմ խուսափել դրանից և բաց եմ համագործակցության ցանկություն ունեցող բոլոր ուժերի ու անձանց համար, ովքեր պատրաստ և կարող են ստանձնել ու կրել իրենց բաժին պատասխանատվությունը:
Այս ծանր պայմաններում մենք բոլորս պետք է մեր ուշադրությունը սևեռենք բացառապես արտաքին մարտահրավերների հաղթահարման ջանքերի վրա, և ներքին որևէ գործընթացով չպետք է նպաստենք մեր հակառակորդների նպատակների կյանքի կոչմանը: Հավաստիացնում եմ, որ մեզնից կախված հնարավորինս կատարում ենք շրջափակման վերացման և դրա հետևանքների մեղմացման ուղղությամբ, և այդ ջանքերի մասին պետական լիազոր մարմինները հնարավորության սահմաններում պարբերաբար իրազեկում են հասարակությանը:
Վստահ եմ, որ մենք կկարողանանք միասնականությամբ, ներքին համերաշխությամբ ու քրտնաջան աշխատանքով, մեր թիկունքին ունենալով Հայաստանի Հանրապետության ու համայն հայության սատարումը, կանխել արտաքին ու ներքին սպառնալից զարգացումները և ապահովել Արցախի հայկական, ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապագան:
Արցախի ժողովրդի ուժն իր կամքի, միասնականության և իմաստնության մեջ է:
Լինե՛նք արժանի մեր սուրբ նախնիներին:
Լինե՛նք պատասխանատու մեր հաջորդ սերունդների առջև:
Ամրություն և խոհեմություն մեր ժողովրդին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը