«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի խոսքով՝ իշխանություններն իրենց աթոռները փրկելու համար պատրաստ են ամեն ինչի։ «Նիկոլ Փաշինյանը խճճվել է Մոսկվա-Բրյուսել-Վաշինգտոն տրանզիտիմեջ, փորձում է բավարարել բոլոր կողմերին և ոչ մեկին չնեղացնել։ Այս բոլոր հարթակներում Ադրբեջանին հաջողվում է հասնել իր նպատակին, սակայն հայանպաստ լուծման հասնել չի հաջողվում»,- ասաց պատգամավորը։
Նա անդրադարձավ նաև՝ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների պատասխանատվությանը՝ ընդգծելով, որ խաղաղապահները պետք է կատարեն իրենց գործառույթները ևապահովեն Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը։ Նա նշեց, որ ռուս խաղաղապահները նույնպես պատասխանատվություն են կրում Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի համար՝ հավելելով, որ միջանցքը պետք է բացվի։
Ագնեսա Խամոյանն անընդունելի համարեց , որ Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ հրաժարվում են պատասխանատվությունից։ Նրա խոսքով՝ իրենք էլ են պատասխանատու. «Ակնհայտ է, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ են նկատվում։ Եթե ներկայիս իշխանությունները վերջնականապես փոխեն արտաքին քաղաքական վեկտորը, ապա դրա շարունակությունը կլինի ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։ Սա տեղավորվում է Հայաստանի իշխանությունների տրամաբանության մեջ, երբ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ են կառուցվում։ Ակնհայտ է, որ այս գործընթացի ավարտը, իրենց ընկալմամբ, պետք է լինի հենց ռուսական բազայի դուրս բերումը Հայաստանից»,- նշեց պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը