Ներկայացնում ենք ականավոր քպ-ական Ալեն Վանիչկայի Աղազարյանի Հայաստանի հասարակաց հետուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցի սղագրությունը․
- Պարոն Աղազարյան, մեծ աղմուկ է բարձրացել, ձեր տիրոջ կողմից, վերջերս արտահայտած միտքը՝ ընտրություն կատարել Արարատի և Արագածի միջև։ Խնդրում եմ ասել, այդ հարցը նախապես քպ-ի խորհրդում քննարկված եղե՞լ և արժանացե՞լ է հավանության։ Եթե ՝ոչ, ապա դուք, անձամբ ինչպե՞ս եք վերաբերվում նման մոտեցմանը։
- Միանգամից ասեմ, որ նման հարց քպ խորհրդի նիստում չի քննարկվել։ Վերջին քպ նիստում քննարկվել է միայն ՏԻՄ ընտրություններում մեր հաղթանակների և սպասվելիք հաղթանակների մասին։ Մեր տերը մեզ հավաստիացրեց, որ հանգիստ լինենք և որ ինքը թույլ չի տա որևէ համայնքում, բուհում ,այլ կառույցում ՝ ոչ քպ-ականի հայտնվելը,իսկ դիմադրողները կհայտվեն բանտում։ Ինչ վերաբերում է տիրոջ վերջերս հայտնած Արարատի և Արագածի միջև ընտրության մասին խոսքին, ապա այն բոլորիս համար և անսպասելի էր և միաժամանակ 100%-ով ընդունելի։
- Այսինքն ինչպե՞ս բոլորի, պարոն Աղազարյան։
- Այո, բոլորիս, այդպես էլ չհասկացաք, որ երբ ասում ենք քպ, հասկանում ենք Նիկոլ Փաշինյան, երբ ասում ենք Նիկոլ Փաշինյան՝ հասկանում ենք քպ։ Այո, մեր տիրոջը հավատարիմ ծառայելն է մեր առաքելությունը, իսկ մենք մեր նպատակը տեսնում ենք մեր ընտանիքների բարեկեցությունը, մեր երեխաների ապագան ապահովելու մեջ։
- Հասկանալի է, պարոն Ալեն Վանիչկայի, ամեն մարդ ձգտում է հասնել իր ընտանիքի բարեկեցությանը, բայց արդյո՞ք ամեն գնով՝ մոռանալով սկզբունքներ, արժանապատվություն, հայրենիք։
- Այդ ի՞նչ հիմար հարցեր եք տալիս։ Ի՞նչ սկզբունք, ի՛նչ արժանապատվություն, ի՛նչ հայրենիք։ Թքած ունենանք, այդ այսպես կոչված, արժեքների վրա։Մինչև հիմա չե՞ք հասկացել, որ Ղարաբաղ, Սյունիք,տո՛ հենց՝ Հայաստան, էդ բոլորի, նաև մեր հայրենակիցների վրա թքած ունենանք, որն էլ արդեն ապացուցել եմ։ Մենք, մեր տիրոջ առջև , ծնկաչոք երդում ենք կերել, մոռանալ բոլորին, ամեն ինչ, նույնիսկ մեր ծնողներին և հավատարիմ ծառայել մեր տիրոջը, փոխարենը ստանալ ամեն ինչ ՝ փող, առանձնատուն, պաշտոն, արտասահմանյան շրջագայություններ, վայելքներ։
- Քանի որ խոսեցիք երեխաների ապագայի մասին, հուսով եմ, արդեն այն ինչ-որ չափով ապահովված է։ Կարծում եմ, ինչպես շատ քպ-ականներ, այնպես էլ նրանց որդիներն ազատված են բանակում ծառայելուց։
- Մի կարծեք, այլ համոզված եղեք։ Ահդ էր պակաս, որ մեր տղաները գնան կանգնեն, առայժմ, մեզ թշնամի՝ ադրբեջանցիների առաջ։ Դրա համար կան անապահով ընտանիքների զավակներ, նաև ընդդիմադիր գործիչներ և նրանց տղաներ։
- Պարզ է, պարոն Աղազարյան, իսկ ձեր և մեր տիրոջ կողմից այդ Արարատի և Արագածի միջև ընտրություն կատարելու խոսքից հետո, քննարկումներ եղե՞լ են հաջորդ քայլերի վերաբերյալ։
- Քննարկումներ՝ ոչ, բոլորս մեր տիրոջը մեր հիացմունքն ենք հայտնել, նրա հերթական իմաստուն խոսքերի համար և նա հատուկ հանձնարարականներ է տվել այդ ընտրությունն առարկայացնելու համար։
- Եվ ինչպիսի՞ն են այդ հանձնարարականները։
- Կարճ ասեմ, վերացնել Արարատ անվանումը Հայաստանի բոլոր խորհրդանիշներից, դրանք փոխարինելով Արագած անվանումով և ընդհանրապես հայ ժողովրդի հիշողությունից ջնջել Արարատ, Մասիս անունները։
- Պարոն Աղազարյան, այդ նախաձեռնությունը որքանո՞վ է իրատեսական։ Չէ՞ որ Արարատ լեռն առկա է Հայաստանի զինանշանի վրա, որն էլ ամրագրված է սահմանադրությամբ։
- Հենց դա է նախկիններից մնացած ամենամեծ չարիքը, որը հիմնական խոչընդոտներից է հայ-թուրքական բարի-դրացիական հարաբերությունների ստեղծման և զարգացման համար։ Մեր տերն արդեն հանձնարարել է սահմանադրական հանձնաժողովի անդամներին փոխել այդ չարաբաստիկ հոդվածը։ Բայց, քանի որ այն կարող է ուշանալ, շուտով ԱԺ-ում այդ հարցի լուծումը կտրվի։
- Այսինքն, առանց հանրաքվե՞։
-Հա՛, հա՛, հա՛, իհարկե, մոռացե՞լ եք, թե Սահմանադրական Դատարանի օրենքն ինչպես փոխեցինք։ Թող ընդդիմությունը դիմի ՍԴ, հա՛, հա՛, հա՛, արդեն ՍԴ-ն մերն է, ներեցեք՝ մեր տիրոջը։
- Կարելի՞ է իմանալ, էլ ինչպիսի փոփոխություններ են սպասվում։
- Խնդրեմ, Արարատյան դաշտը կվերանվանվի Արագածյան դաշտ, Արարատի մարզն ու Արարատ քաղաքը, համապատասխանաբար՝ Դավալուի մարզ և Դավալու քաղաք։ Այս անվանափոխումը կնպաստի նաև հայ-ադրբեջանական բարեկամության և խաղաղության հաստատմանը։ Արարատ ֆուտբոլային թիմը՝ Արագած և այդպես շարունակ։
- Իսկ «Արարատ» կոնյա՞կը։
- Այն այլևս կկոչվի հայկական բրենդի։
- Իսկ, պարոն Աղազարյան, ինչպե՞ս եք վարվելու հայ դասական գրականության մեջ Արարատ, Մասիս անվանումների հետ։
- Որտեղ հնարավոր է Արարատ անվանումը կփոխարինվի Արագածով, իսկ անհնարինության դեպքում, նման ստեղծագործությունները կարգելվեն և կոչնչացվեն։ Արդեն ԿԳՄՍ նախարարությունն արգելել է դպրոցներում, բուհերում , հայ ժողովրդին փչացնող, ազգային մտածողություն, արժանապատվություն սերմանող հեղինակներ՝ Միքայել Նալբանդյան, Ռափայել Պատկանյան,Րաֆֆի,Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ, նույնիսկ՝ անունները տալ։
- Իսկ Տերյա՞ն․ «Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն»։
Չարե՞նց․ «Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում»
- Մեր կողմից նշանակված գրականագետները պարզել են, որ Խաչատուր Աբովյանը Ֆրիդրիխ Պարրոտի հետ բարձրացել են ոչ թե Արարատի, այլ Արագածի գագաթը, Վահան Տերյանը նկատի է ունեցել Արագած լեռը, իսկ Չարենցի այդ անտաղանդ բանաստեղծությունը կարգելվի։
- Եվ վերջին հարցը, պարոն Աղազարյան, Իսկ Արարատ Միրզոյա՞նը․․․
- Ոչ թե Արարատ, այլ Աղրիդաղ Միրզոյան։
- Շնորհակալություն, սիրելի, պարոն Ալեն Վանիչկայի Աղազարյան, ձեզ ցանկանում ենք միայն ու միայն հաջողություններ, բոլոր նախաձեռնություններում։
Հարցազրույցը վարեց Ղազար Թաթուլյանը։
«Հարցազրույցը սղագրեց»
Ավետիք Իշխանյանը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը