Կառավարությունն ապրիլի 6-ի նիստում որոշեց 142,5 հազար եվրո հատկացնել «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders-WPL) միջազգային ցանցին վճարելու համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «2023թ-ի հոկտեմբերի 19-ից 20-ը Երևանում նախատեսվում է անցկացնել «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով գագաթնաժողովը։ Որպես միջոցառման համակազմակերպիչներ հանդես են գալու Հայաստանը՝ ի դեմս ՀՀ ԱԳՆ-ի, և «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders-WPL) միջազգային ցանցը։
ՀՀ-ում ներպետական համաձայնեցման փուլից հետո, ՀՀ ԱԳՆ-ի և WPL միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որով Հայաստանը՝ որպես հյուրընկալող կողմ կազմակերպությանը պետք է փոխանցի 190 հազար եվրո։ Վերոնշյալ գումարի 75 տոկոսը պետք է փոխանցվի հուշագրի ստորագրումից հետո, իսկ մնացած գումարը՝ 2023թ-ի հոկտեմբերին։ Հուշագրով նաև սահմանվում են կողմերի այլ՝ այդ թվում ֆինանսական պարտավորությունները։
Երևանում անցկացվելիք միջոցառմանը նախատեսվում է 200-ից 250 բարձրաստիճան պաշտոնյաների, կին գործիչների մասնակցություն։
Հայաստանում գագաթնաժողովի անցկանման հետ կապված հարցերը քննարկվել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի միջև ս․թ․ փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ:
WPL-ը միավորում է գլոբալ հարթակներում առաջնորդությամբ աչքի ընկած մի շարք գործիչների։ Կազմակերպությունը պարբերաբար կազմակերպում է համաժողովներ, գագաթնաժողովներ և ֆորումներ։ Ներկայումս «Կին քաղաքական առաջնորդներ» միջազգային ցանցը առաջատար հարթակ է, որին իրենց մասնակցությունն են բերում նոբելյան մրցանակի դափնեկիրներ, նախագահներ, վարչապետներ, միջկառավարական կազմակերպությունների ղեկավարներ և հասարակական գործիչներ։ Ցանցի գագաթնաժողովները վերջին տարիներին հյուրընկալած երկրների շարքում են Իսլանդիան, Մեքսիկան, Ճապոնիան և Լիտվան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը