03 04 2023

ԲԱՆԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ Ադրբեջանի հետ ոչ թե խաղաղ համակեցություն, այլ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍՏԱՆԱԼՈՒ․ Ալվինա Աղաբաբյան

ԲԱՆԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ Ադրբեջանի հետ ոչ թե խաղաղ համակեցություն, այլ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍՏԱՆԱԼՈՒ․ Ալվինա Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արցախի հանձնումով ներկայիս հայ-ադրբեջանական առաջնագիծը նվազագույնը կրկնակի երկարել է։ Առաջնագիծը չափազանց կտրտված է, անցնում է լեռնաանտառային տեղանքներով, ինչը չափազանց դժվարացնում է առաջնագծի դիտարկումը, հսկողությունը և պաշտպանության կազմակերպումը։ Ներքին Հանդի, Ջերմուկի և այլ հատվածներում թշնամու առաջխաղացումը ցույց տվեց, որ առաջնագծում մենք ունենք հարյուրավոր մետրերով չպահվող մեռյալ հատվածներ, որոնք պարզապես չենք կարողանում վերահսկել, այդ հատվածներում չունենք կառուցված ու կահավորված ամրաշինություններ։

Գաղտնիք չէ, որ ԱԱծ սահմանապահ անձնակազմի ներուժն անգամներ ավելի քիչ է, քան մեր բանակինը։ Հետևաբար՝ երբ մենք առաջնագծից հանում ենք բանակը և փոխարինում սահմանապահներով, մեծացնում ենք առաջնագծի խոցելիությունը։
Որպես կանոն սահմանապահները, ի տարբերություն Զինված ուժերի զինծառայողների, իրենց ծառայությունն իրականացնում են հիմնականում միայն հրաձգային զենքով զինված, առաջնագծում չունեն ծանր սպառազինություն։ Ենթադրվում է, որ թշնամու կողմից հարձակման պարագայում սահմանապահներն իրենց վրա են վերցնում առաջին հարվածը, մինչև որ սահմանված ժամանակում թիկունքից առաջնագիծ կբերվեն զինված ուժերի ստորաբաժանումները։

Մեր պարագայում, երբ մի կողմից՝ սահմանապահներ են, մյուս կողմից՝ մինչև ատամները զինված թշնամի, որն անընդհատ նոր ուժեր է քաշում դեպի առաջնագիծ, վերջինիս հարձակման պարագայում եթե անգամ ընդամենը 1 ժամ պետք լինի, որ մեր զորքերը թիկունքից հասնեն առաջնագիծ, այդ 1 ժամում թշնաամին կհասցնի զգալի առաջ գալ։ Հատկապես Սյունիքի հատվածում, որտեղը ամենանեղ հատվածում սահմանից սահման մոտ 26 կմ է, այդ "զգալի առաջ գալը" կարող է ճակատագրական լինել։

Մեկ անգամ չէ, որ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը բանակ չպիտի ունենա։
Առաջնագծում ԲԱՆԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ Ադրբեջանի հետ ոչ թե խաղաղ համակեցություն, այլ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍՏԱՆԱԼՈՒ, որովհետև դառնալու է էն համեղ ու հեշտ կուլ տրվող պատառը, որին թշնամին խժռելու է առանց մտածելու։
Սա ապացուցման ենթակա թեորեմ չէ։

ՍԱ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ԱՔՍԻՈՄ Է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ