ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը գրում է.
«Այսօր ցավով և զայրույթով տեղեկացա իմ կուսակցական ընկեր և վաղեմի բարեկամ Կարեն Մկրտչյանի հետ տեղի ունեցած զազրելի դեպքի մասին։Կարենը Սփյուռքում ծնված, հրաշալի կրթություն ստացած և նախանձելի աշխատանքային փորձ ունեցող հայ է, ով թողեց իր ապահով և բարեկեցիկ կյանքը հեռավոր Կանադայում, ընտանյոք հանդերձ վերադարձավ հայրենիք՝ հայրենիքում ապրելու ու աշխատելու վճռականությամբ։ Հայաստանում աշխատել է ֆինանսական համակարգում, եղել է Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենը, հիմնել և աշխատում է ներդրումային կառավարչական և ֆինանսական խորհրդատվություն տրամադրող ընկերությունում։ Երբ Հայաստանի իշխանությունները խոսում են օտարերկրյա ներդրումների մասին, Կարենն ու իր գործընկերներն աշխատում են ներդրողների հետ, որ Հայաստանում փող ներդնեն, ձեռնարկություններ ստեղծեն։ Ասյօրվա իշխանությունները նաև Կարենի արածն են իրենց վերագրում․․․․
Այսօր Կասկադում Կարենը հանդիպել է Ալեն Սիմոնյանի շքախմբին։ Ալենին «դավաճան» է կոչել։ Ալեն Սիմոնյանի շքախումբը ֆիզիկական հաշվեհարդար է տեսել Կարենի նկատմամբ, ֆիզիկական բռնություն կիրառել և տարել ոստիկանություն։ Առավել եղկելի է եղել Ալեն Սիմոնյանի պահվածքը, ով հրամայել է իր թիկնպահներին բռնել Կարենին, որ ինքը վրան թքի․․․
Սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը, սա է "ժողովրդավարության բաստիոնում" ժողովրդավարության վիճակը։ Եթե Կարենը կարգ է խախտել, օրենք է խախտել, ապա դրա համար նա պետք է օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվեր, այլ ոչ թե Ալեն Սիմոնյանի կամայական ինքնադատաստանի զոհ դառնար։ Ինչու՞ ոստիկանները բերման չեն ենթարկել նրա թիկնապահներին, ովքեր բիրտ ուժ են կիրառել, ինչու ոստիկանները հենց Ալեն Սիմոնյանին բերման չեն ենթարկել քաղաքացու արժանապատվությունը ոտնահարող գործողության համար։ Հայաստանում ոստիկանություն կա՞, իրավապահ համակարգ կա՞, թե՞ բոլորն այսօրվա իշխանությունների հլու հնազանդ խամաճիկներն են։
Ու այս զազրելի արարքից հետո իշխանություններն էլի՞ են սփյուռքահայերին կոչ անելու գալ Հայաստան, ներդրողներին էլի՞ են կոչ անելու Հայաստանում գումար ներդնել։ Իհարկե կոչ են անելու, իհարկե իրենց Սփյուքի հանձնակատարը և էկոնոմիկայի նախարարը վոյաժներ են անելու ու մարդկանց մոլորեցնելու, թե Հայաստանում ամեն ինչ հրաշալի է․․․ Բայց, այսօրվա իշխանությունների նպատակը Հայրենիքը զարգացնելը չէ։ Նրանց նպատակը իշխանությունն ու անպատժելիությունը վայելելն է, քանի թուրքերը բաստուրմայի նման բարակ բարակ կտրատում ու զավթում են Հայաստանը։ Թուրքը դրսից, նիկոլոկանները ներսից կործանում են երկիրը, իսկ հասարակությունը դեռ թմբիրի մեջ է․․․»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը