15 03 2023

Հանդիպումից հանդիպում Գերմանիայի կանցլերի տեսակետը փոխվում է

Հանդիպումից հանդիպում Գերմանիայի կանցլերի տեսակետը փոխվում է

Նախօրեին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակին:

«Մեր համատեղ նպատակը պետք է լինի այս հակամարտության համար երկարաժամկետ և իրագործելի լուծում գտնելն՝ ի բարօրություն Լեռնային Ղարաբաղի մարդկանց»,- ասել է նա և հավելել, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա։

Խոսելով Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության (EUMA) տեղակայման մասին ՝ Գերմանիայի կառավարության ղեկավարը նկատել է, որ Բեռլինը աջակցում է դրան և ապահովում առաքելության ղեկավարումը: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես ամփոփել է Գերմանիայի կանցլերը, պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ:

Հետաքրքիր էր, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ համտեղ ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ընդգծել էր ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի կարևորությունը, հավասարություն դնելով ինքնորոշման և տարածքային ամբողջականության մասին սկզբունքների միջև, ինչը արձանագրված է տեսագրությունում։ Սակայն հետագայում մամլո ասուլիսի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում տեղ գտան առարկայական տարբերություններ։

Այսպես, Գերմանիայի կառավարության կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրությունը էականորեն տարբերվում է ՀՀ կառավարության, ԳԴՀ դեսպանատան հաորդագրություններից և նշվում է՝ վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի «Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»:

Ինքնորոշման մասին հիշատակումը բացակայում է, հիշեցնենք, որ այս տարբերության հարցով Yerevan.Today-ը հարցում է ուղարկել Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ