03 03 2023

Տարբերվում են Փաշինյանի և Շոլցի հանդիպման մասին պաշտոնական հրապարակումները

Տարբերվում են Փաշինյանի և Շոլցի հանդիպման մասին պաշտոնական հրապարակումները

Երեկ Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը

Ըստ ՀՀ կառավարության տարածած հայտարարության իր խոսքում կանցլեր Շոլցը նշել է.

 «Ավելի կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլ առ քայլ երկարաժամկետ լուծման գնան: Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայունությամբ և Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Ստատուս քվոն չի կարող շարունակվել և պետք է հանգել երկարաժամկետ լուծման` ի բարօրություն մարդկանց:

Այս առումով, անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հյասատանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,- ասել է կանցլերը:

Գերմանական կառավարության կայքում զրույցը այդ հատվածը հետևյալ կերպ է գրված.

«Առավել կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը աստիճանաբար լուծեն իրենց հակամարտությունը։  Լեռնային Ղարաբաղում կրիտիկական հումանիտար իրավիճակը անկայուն է, և «կենսունակ լուծում պետք է արագ գտնվի՝ ի շահ տեղում գտնվողների»: Կանցլերը բացատրել է իր դիրքորոշումը, որ վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»,- ասել է կանցլերը:

Երեկվանից Կանցլերի խոսքը ոգևորիչ էր շատերի համար, բայց պարզվում է, որ Կանցլերի խոսքը տարբեր կերպ  է մեկնաբանվել կամ էլ «Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայասատանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից» հատվածը հանվել է գերմանական կայքից: Ամեն դեպքում նման հիշատակում ներկա պահին չկա հրապարակման մեջ:

Yerevan.Today-ը թեմայի առնչությամբ կփորձի պարզաբանում ստանալ Կառավարությունից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ