«Հայկական ալիքը»-ը գրում է. Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, բացի հումանիտար և այլ խնդիրներից, Թուրքիայի և միջազգային քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում սկզբում ավելի քիչ ինտենսիվությամբ, իսկ օրեր անց արդեն ակտիվորեն սկսեց շրջանառվել երկու կարևոր հարց: Առաջին՝ մայիսի 14-ին նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղիկունենան թե՞ կհետաձգվեն. երկրորդ՝ նախագահ Էրդողանը կկարողանա այս հարվածին դիմագրավել նաև քաղաքական առումով, թե՞ Թուրքիայի էրդողանական փուլը մոտենում է ավարտին: Երկրաշարժից անմիջապես հետո և ներկայումս տեղի ունեցող զարգացումներին հետևելով՝ փորձեմ անել որոշ դիտարկումներ և կանխատեսումներ (ինչքան էլ որ վերջինս լինի անշնորհակալ գործ):
Երկրաշարժի քաղաքական ցնցումը և Էրդողանի առաջին քայլերը. կրիզիս մենեջերը իր խրամատում է
Երկրաշարժից արդեն ժամեր անց անձամբ նախագահ Էրդողանի և իշխանական թիմի գործողությունները ցույց էին տալիս, որ աղետի հասցրած քաղաքական հարվածին նրանք պատրաստվում են դիմակայել և կարճ ժամանակ անց դա արդեն իրողություն էր: Մասնավորապես՝ էրդողանը ինչպես նախորդ ճգնաժամային իրավիճակներում (2013 թ. Գեզի այգու դեպքեր, 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձ), այնպես էլ հիմա կառավարման ղեկը անմիջապես վերցրեց իր ձեռքը և գործով ցուցադրում է ճգնաժամային մենեջերի (crisis manager) իր հայտնի և արդեն կոփված հատկությունները: Նա ցայտնոտի մեջ չընկավ, հարվածի շոկը հաղթահարեց և սկսեց ինտենսիվ ու բազմաոլորտ գործունեության ծավալել ևս մեկ անգամ ցույց տալով, որ փափուկ կյանքով ապրած քաղաքական գործիչ չէ, այլ ճիշտ հակառակը և ունի բարդ իրավիճակները հաղթահարելու հաջողության պատմություններ (success stories) և դրանք շարունակելու պատրաստակամություն:
Էրդողանը անմիջապես հայտնվեց աղետի ենթարկված նահանգներում, սկսեց անել հայտարարություններ, ակտիվորեն շփվել ժողովրդի և մամուլի հետ: Դա առաջին հերթին ստեղծեց և ամրապնդեց այն ընկալումը, որ Էրդողանը դրության տերն է ու չի խուսափում պատասխանատվությունից որպես գերագույն իշխանության կրող: Իշխանությունները փրկարարական երբեմն ոչ այդքան արագ և էֆեկտիվ քայլերին զուգահեռ՝ ձեռնարկեցին արագ և տեսանելի որոշ քայլեր: Մասնավորապես՝ սկսեցին փլուզված շենքերի շինարարների, կապալառուների, սեփականատերերի ձերբակալություններ և դրանց լայնորեն լուսաբանում մամուլում. դա ունեցավ որոշակի դրական ազդեցություն մանավանդ, որ որոշ կապալառուների ձերբակալեցին Թուրքիայից փախչելու, սահմանը հապճեպ հատելու փորձերի ժամանակ, ինչը հասարակության մի հատվածում ձևավորեց իրական մեղավորի կոնկրետ կերպար և ինչ-որ առումով կամ փոքր ինչ հեռացրեց հարվածը Էրդողանից, որին ընդդիմությունը արդեն իսկ փորձում էր հռչակել գլխավոր մեղավոր և նրա ընտանիքի հետ կապել փլուզված շենքերը կառուցած շինարարական ֆիրմաները: Բացի այդ, կառավարությունը փորձեց արագ լուծել անօթևան մնացածների հարցը: Ավելորդ չէ նաև փաստել, որ Թուրքիան ահռելի դրամական և այլ տիպի օգնություն է ստանում աշխարհի տարբեր երկրներից, ինչը բնականաբար կնպաստի աղետի հետևանքների ավելի արագ վերացմանն ու տեսանելի արդյունքների հասնելուն:
Ընդդիմության աստեղային ժամի հույսը և մարտավարական սխալները
Ընդդիմությունը բնականաբար փորձեց օգտվել ստեղծված իրավիճակից և որոշ ընդդիմադիր գործիչներ սկսեցին իշխանությանը քննադատելով՝ ըստ էության, ծավալել նախընտրական քարոզարշավ: Սակայն նկատենք, որ չհաշված Ստամբուլի և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետեր Իմամօղլուին և Յավաշին, որոնք համակարգված և թիրախային աշխատում են հատկապես իրենց բուն պարտականությունների ոլորտում (Ստամբուլի քաղաքացիերի շրջանում հնարավոր երկրաշարժին ընդառաջ կանխարգելիչ ծրագրեր են արվում, շենքերում սեյսմիկությունը ստուգելու սարքեր են տեղադրվում, քննարկվում են վթարային կամ վտանգավոր տարածքներից շենքերի և բնակիչների հեռացնելու հարցը), մնացած գործիչները և ընդհանուր ընդդիմությունը իրեն դեռևս անտաղանդ է դրսևորում: Ընդդիմադիր մամուլը, փորձագետները իրենց քննադատությունը կառուցում են ոչ համոզիչ, կանխատեսելի, երբեմն ուռճացված լուրերի և փաստերի ու դրանց կրկնությունների հիման վրա: Ակնհայտորեն չհաջողված պոպուլիզմովխոսում են փլուզված շենքերի որակի և դրանում էրդողանական իշխանության պատասխանատվության մասին, դեմ արտահայտվում բուհերում դասերի օնլայն անցնելուն և համալսարանական հանրակացարանները աղետյալներին տրամադրելուն ու դրանով փորձելով իրենց կողմը գրավել ուսանողությանը, որը նույնպես չի ստացվում: Եվ իմ կարծիքով, ընդդիմության կողմից կարևոր մարտավարական սխալ և կեղծ մեկնարկ (false start) էր երկրաշարժից անմիջապես հետո խոսել խորհրդարանական ու նախագահական ընտրությունների մասին և մասնավորապես՝ պահանջել չհետաձգել դրանք ակնհայտորեն ունենալով այն հաշվարկը, որը ավերիչ երկրաշարժի և տասնյակ հազարավոր զոհերի պարագայում իշխանության ռեյտինգը անկում ապրած կլինի:
Էրդողանը լռում է կամ զոհին սպասող գիշատիչի մարտավարությունը
Ի տարբերություն ընդդիմության, Էրդողանը չէր շտապում խոսել ընտրությունների մասին և առաջին անգամ այդ թեմային անդրադարձավ միայն մարտի 1-ին, այսինքն՝ երկրաշարժից 25 օր անց: Մինչ այդ Էրդողանը անտեսում էր թեման և միայն երբեմն-երբեմն ընդդիմության ընտրությունները չհետաձգելու պահանջը դիտարկում էր բարոյականության համապատկերում շեշտելով, որ փլատակներում դեռ կան զոհվածներ և այդ պարագայում առնվազն բարոյական չէ խոսել նման թեմաների մասին ու դրանով ընդդիմությանը ուղղակի մեղադրում անգամ բարոյական գծերը հատելու մեջ: Երկրաշարժին հաջորդող մոտ 20-25 օրը Էրդողանի պահվածքը ընդդիմության նկատմամբ ես նմանեցնում եմ իր զոհին սպասող գիշատիչի պահվածքին, որը թողնում է, որ զոհը ավելի մոտենա, հայտնվի ավելի ոչ շահեկան վիճակում ևքչանան կամ սպառվեն նրա փախչելու կամ դիմադրելու շանսերը:
Էրդողանը թողություն է խնդրում ժողովրդից և անցնում հակագրոհի
Լուծելով երկրաշարժի հասցրած հարվածը դիմագրավելու համար անհրաժեշտ մինիմում խնդիրները՝ Էրդողանը անցավ հակագրոհի ինչպես կազմակերպչական-պոպուլիստական, այնպես էլ քաղաքական դաշտում: Նախ Էրդողանը իրեն լիովին տեղավորեց սգավոր, բայց դրության տեր, վստահություն ներշնչող, հույսի և ապավենի խորհրդանիշ ղեկավարի դերում, իսկ իշխանության ուժային ներկայացուցիչները խախտումներին, թերացումներին և քննադատություններին սկսեցին տալ շատ կտրուկ և կոպիտ արձագանք: Էրդողանը շարունակում է շատ հաճախ այցելել աղետի գոտի, հանդիպում է ժողովրդի հետ, մտնում վրաններ, տներ, շփվում տարեցների, երեխաների հետ, աղոթում և նրա հետ են պետական վերնախավը, քաղաքական գործընկերները: Էրդողանը էլ ավելի է շռայլում խոստումներ և մասնավորապես՝ հայտարարում, որ բացի մարդկային կյանքերից մնացած ամեն ինչ վերականգնելու են, նորից կառուցելու են քաղաքները, արագ ներկայացվում են կառուցվելիք տասնյակ հազարավոր շենքերի նախագծերը, նոր մոտեցումերով՝ ավելի քիչ հարկայնությամբ, սեյսմակայուն և այլն: Դիմելով ժողովրդին՝ նա ասում է. «Ես ձեզնից մեկ տարի ժամանակ եմ խնդրում: Տվեք ինձ մեկ տարի և ձեր տները նոր, ավելի ամուր, ավելի հուսալի կառուցած կտամ ձեզ»:Սակայն Էրդողանը Էրդողան չէր լինի, եթե այս ամենը չհամադրեր իսլամական պոպուլիզմի ակնհայտ և հաջողված տարրերով. մինչ օրս էրդողանական հռետորաբանության ամենանուրբ և ենթադրում եմ ամենազդեցիկ դրվագն այն է, որ նա դիմելով ժողովրդին՝ հայտնեց, թե գիտակցում և ընդունում է նաև իրենց՝ իշխանության մեղքը հատկապես փրկարարական աշխատանքների սխալների, թերացումների համար: Սա փաստելով՝ Էրդողանը ոչ թե սովորական ներողություն խնդրեց, այլ կրոնական երանգներով պարուրված թուրքերեն արտահայտություն կիրառելով՝ դիմեց ժողովրդին. «թողություն տվեք ինձ, ես ձեզնից թողություն եմ հայցում»: Կրոնական մեղավորության և զղջման գաղափարը շեշտելով՝ Էրդողանը շատ կարևոր մեսիջ է հղում իր հասարակությանը, որը վստահ եմ ունենալու է դրական արձագանք ոչ միայն հիմա, այլև ընտրությունների պարագայում: Ասվածի հուզականության ֆոնին, սակայն, նա անմիջապես հավելում է, որ որևէ մեկը և հստակ ակնարկելով ընդդիմությանը՝ չի կարող կասկածել, որ իրենք գիշեր-ցերեկ աշխատում են և ամեն ինչ անում են երկրի համար: Կարևոր է նկատել նաև, որ Էրդողանը աղետի գոտու մարդկանց կոչ է անում պահպանելով անվտանգության կանոնները՝ չլքել իրենց բնակավայրերը. «տեր կանգնեք ձեր քաղաքներին, երբեք ու երբեք չլքեք ձեր հայրերի երկիրը»:
Ընտրությունների հետաձգումը նաև հրաժարում է սակրալիզացված սիմվոլներից
Ընտրությունները հետաձգելու խոսույթը շատ արագ հայտնվեց քաղաքական և քաղաքագիտական շրջանակների քննարկման օրակարագում, սակայն դրան անդրադառնալիս՝ ի թիվս այլ խնդիրների,պետք է կարևորել սիմվոլիկան: Առիթ ունեցել եմ գրելու, որ այս ընտրությունները չափից ավելի են սիմվոլիզացված, քանի որ համընկնում են Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին, բացի այդ էլ, էրդողանական իշխանությունը ավելացրել է ևս մեկ սիմվոլ՝ մայիսի 14-ը, որը 1950 թ. քաղաքական իսլամի առաջին հաղթանակի օրն է ընդդեմ աշխարհիկ քեմալական գաղափարախոսության: Ընտրությունները հետաձգելու հարցի համապատկերում ինձ հետաքրքիր էր, թե արդյո՞ք Էրդողանը կհրաժարվի սիմվոլներից՝ 2023 թվականից և մայիսի 14-ից, որոնց կարևորությունը ոչ միայն քաղաքական է, այլև գաղափարական: Ենթադրելի էր, որ եթե իրավիճակը ստիպի Էրդողանը կարող է գնալ միայն սիմվոլներից մեկի՝ մայիսի 14-ի զոհաբերմանը, սակայն դեպքերը ցույց են տալիս, որ դիմակայելով երկրաշարժի քաղաքական հարվածին, ճիշտ վերադասավորելով իր ուժերը և անցնելով հակագրոհի՝ Էրդողանը չի պատրաստվում հրաժարվել հիշյալ սիմվոլներից և ոչ մեկից: Այդ մասին նա անուղղակի հայտարարեց մարտի 1-ին ընդ որում՝ համադրելով նուրբ ակնարկը և ընդդիմությանն ուղղված սպառնալիքը. «մայիսի 14-ին այս ժողովուրդըկանի այն ինչ պետք է»:
Էրդողանը չի պատրաստվում հրաժարվել իր քաղաքական կերպարից և կպայքարի մինչև վերջ
Գալով ընտրությունների հավանական ելքին և Էրդողանի պահվածքին՝ նշեմ, որ արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այս ընտրությունները Էրդողանի քաղաքական կյանքի ամենավճռական և վերջին ճակատամարտի նշանակություն ունեն: Ուստի, շուրջ 20 տարի քաղաքական Օլիմպոսում գտնված Էրդողանը կորցնելու ոչինչ չունի և պայքարելու է բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով՝ ոչնչի առաջ կանգ չառնելով: Հաղթանակի հասնելու և երկրաշարժի առաջ բերած քաղաքական ևս մեկ բարդությունը հաղթահարելու համար Էրդողանը ունի՝ 1. հմուտ պոպուլիստական գործելաոճ և հռետորական ձիրք, 2. ուժեղ և պրոֆեսիոնալ թիմ, 3. ադմինիստրատիվ ռեսուրս, 4. հասարակական բավական լուրջ աջակցություն և ի վերջո հաղթելու իդեա ֆիքս (idée fixe): Եթե թվարկածս առաջին երեք հանգամանքները առավել հստակ են և հայտնի նաև հայաստանյան հասարակության համար, ապա չորրորդ՝ հասարակական աջակցության հետ կապված ցանկանում եմ ուշադրություն հրավիրել մեկ առանձնահատկության վրա: Թուրքիայում բացի Էրդողանին հավատարիմ պահպանողական, ազգայնական և իսլամական ընտրազանգվածից իմ կարծիքով, կա հասարակության մի շերտ, որի մոտ կայսերական պետական մտածելակերպը գերիշխող է դառնում հատկապես ընտրությունների նախաշեմին: Ավելի պարզ ասած՝ Թուրքիայում կան մեծ թվով քաղաքացիներ, որոնք խաղաղ կամ ոչ նախընտրական շրջանում Էրդողանին չեն սատարում, սակայն բարդ, ճգնաժամային իրավիճակում կամ ընտրությունների ժամանակ նախապատվություն տալով իրենց «քաղաքացիական սնափառությանը»՝ նախընտրում են, որ աշխարհում իրենց երկիրը ներկայացնի ուժեղ և ագրեսիվ Էրդողանը: Թուրքիայի հասարակության այդ շերտին իր երկրի արտաքին հեղինակությունը հոգեբանական անդորր է տալիս, կոմֆորտ է ստեղծում, ուստի չի բացառվում, որ այս անգամ էլ էրդողանից դժգոհ զանգվածը մանավանդ ներկայիս աշխարհում տիրող իրավիճակի ազդեցությունից դրդված և ենթագիտակցորեն նախապատվությունը տա էրդողանին:
Ինչ վերաբերվում է ընդդիմությանը, ապա շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ նախ նրանց միասնական ֆորմատի՝ 6 ընդիդմադիր կուսակցությունների մեջ կա պառակտվելու կամ միասնական որոշման չհանգելու լուրջ «ներուժ»: Բացի այդ, իշխանությունները վստահաբար նրանց հանդեպ կիրառելու են «բաժանիր, որ տիրես» դարավոր փորձված մեթոդը, իսկ դրա կիրառման հնարավորություններ հաստատ կան: Ընդդիմության կողմից միասնական թեկնածուով հանդես չգալու դեպքում՝ թեկնածուներից որևէ մեկի հաղթելու կամ Էրդողանին լուրջ մրցակից դառնալու շանսերը քիչ են և շարունակում եմ կարծել, որ էրդողանական իշխանության համար այս պահին առավել լուրջ և իրական խնդիր կարող է ստեղծել միայն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որի առաջադրման հարցը, կապված մի շարք հանգամանքների հետ, շատ հավանական չի թվում: Իսկ ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության լիդեր Քեմալ Քըլըչդարօղլուի միասնական կամ ոչ միասնական թեկնածու դառնալու պարագայում՝ Էրդողանի հաղթելու շանսերը էլ ավելի են մեծանալու հաշվի առնելով այն, որ ընդդիմադիր լիդերը մի շարք պարամետրերով զիջում է գործող նախագահին:
Չպետք է մոռանալ, որ 1915-ին Հայոց ցեղասպանությունը իրականացրել է կործանվող Թուրքիան, ուստի Հայաստանը լավատեսության հիմք չունի
Երկրաշարժից հետո քննարկվող կարևոր հարցերից է այն, թե կփոխվի արդյոք Թուրքիայի գլոբալ քաղաքականությունը: Կարելի է ենթադրել, որ Թուրքիայի գլոբալ քաղաքականության մեջ հնարավոր է արձանագրվեն որոշ վերաձևակերպումներ, սրբագրումներ, պաուզաներ, բայց չեմ կարծում թե Էրդողանը կամ արդեն թուրքական պետական մեքենան համաձայնվի հրաժարվել «մեծ Թուրքիայի» գաղափարից՝ դրանից բխող հետևանքներով: Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի դեմ Թուրքիայի քաղաքականության մեղմացման հնարավորությանը, ապա հիշենք, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել ճիշտ այն տարիներին երբ թուրքական պետությունը ներգրավված էր Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, պարտություն էր կրում, կործանվում էր, սակայն անգամ այդ պարագայում Հայոց ցեղասպանությունը շարունակվեց, իսկ 1920 թ. սեպտեմբերին Թուրքիան հարձակվեց Հայաստանի առաջին Հանրապետության վրա:
Ամփոփելով՝ նշեմ, որ Էրդողանի և թուրքական իշխանության նախընտրական ու քարոզչական մարտավարությունը երբեմն մասնակի, երբեմն գլոբալ առումով կարող է փոխվել կապված երկրաշարժի հետ, սակայն կարելի է կարծիք հայտնել, որ դեռ վաղ է Էրդողանի քաղաքական կարիերան համարել ավարտված, ինչպես նաև դժվար է նրան պատկերացնել շարքային ընդդիմադիրի կամ թոշակառու նախագահի դերում:
Ռուբեն Մելքոնյան
թուրքագետ,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը