25 02 2023

Ավինյանի դասախոսությունը Սլավոնականի ուսանողների համար

Ավինյանի դասախոսությունը Սլավոնականի ուսանողների համար

Փետրվարի 24-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը դասախոսությամբ է հանդես եկել Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանում։ Դասախոսության թեման էլ ոչ ավել ոչ պակաս հետևյալն էր՝ «Ճգնաժամային կառավարում. կայացած ինստիտուտների անհրաժեշտությունը»:

Շատ հետաքրիր է, թե պատերազմ բերած, այն տանուլ տված, համաճարակը անպատասխանատու կառավարած և երկիրը ճգնաժամի մատնած քաղաքական ուժի ներկայացուցիչը ինչ ուներ ասելու Սլավոնականի ուսանողներին: Հնարավոր է, ուսանողներին է ներկայացրել իրենց փորձը և վերջում ասել՝ այսպես պետք չէ անել, երկիրն ու պետությունը այսպես՝ մեր պես, չեն կառավարում:

Հետաքրքիր էր նաև հենց բուն փաստը, որ Ավինյանը դասախոսություն է կարդացել հենց Սլավոնական համալսարանում: Համալսարանի ռեկտորը նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն է, ով սկզբում աջակցում էր հեղափոխական Փաշինյանին, հետո՝ պահանջում հրաժարականը, փաստացի դասախոսության է հրավիրում նույն Փաշինյանի իշխանության ներկայացուցչին, այն էլ իր ուսանողներին լեկցիա կարդալու նպատակով:

Հիշեցնենք, Դարբինյանը համարում էր Փաշինյանին ազգակործան և պետականաքանդ, սպառնում էր մտնել քաղաքականություն և նրան վռնդել: Սա ոչ վաղ անցյալում էր, սակայն ոչ թե պատերազմի խայտառակ հանգուցալուծումից հետո, ոչ էլ Արցախի մեծ մասը թշանմուն հանձնելուց հետո էր, այլ 2021 թվականի փետրվարին, երբ իշխանությունը ցանկանում էր Դարբինյանին հեռացնել Սլավոնական համալսարանի ռեկտորի պաշտոնից: Դարբինյանն էլ բաց նամակ գրեց, ֆեյսբուքյան մի քանի գրառումներ արեց, սպառնաց, քննադատեց: Հետո կրքերը հանդարտվեցին: Նա շարունակեց պաշտոնավարել: Մամուլը գրեց որ, իրեն «տանիք է» կանգնել հենց Տիգրան Ավինյանը։

Ստացվում է՝ Արմեն Դարբինյանը ընդդիմադիր է դառնում ըստ անհրաժեշտության, կամ ըստ իրեն սպառնացող վտանգի: Եթե իր գործերը լավ են, կարելի է մոռանալ ամեն ինչ և հանգիստ համագործակցել այն իշխանության հետ, որի հրաժարականը պահանջում էիր ամիսներ առաջ:

Համալսարանի էջում տեղադրված լուսանկարներում Արմեն Դարբինյանն է սակավաթիվ լսարանում նստած լսում իր բառերով ասած պետականաքանդ իշխանության ներկայացուցչի՝ պետական ինստիտուտների մասին դասախոսությունը: Իսկ մեկնաբանություններում՝ զուգահեռ իրականությունն է՝ քննադատություններ և հիշեցումներ, թե որ թիմի անդամն է Տիգրան Ավինյանը:

Դե իսկ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչն էլ, չի բարդույթավորվում, անգամ իր առաջնորդին ազգակործան և պետականաքանդ համարողի հետ համագործակցել։ Մի գուցե, կարողացել է Դարբինյանին համոզել, որ ինքը Փաշինյան չէ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ